Նորություններ

Միֆ է, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս․ Հայկ Ալումյան

Մարտի 1-ի շուրջ այս տարիներին ձևավորված բազմաթիվ միֆեր կան, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը թույլ է տալիս դա՝ ներպետական կարևոր  խնդիր լուծելու համար, կանխելու զանգվածային անկարգությունները»,- ասաց նա։

Ալումյանը խոսեց միջազգային փորձի մասին՝ նկատելով, որ մի շարք առաջատար երկրներ տարբեր տարիների իրենց ԶՈւ-ն օգտագործել են երկրում զանգվածային անկարգությունները կանխելու համար։ Նա օրինակ բերեց՝ Չինաստանին, որ 2009 թ․-ին ներգրավել է ԶՈւ-ն, 2006 թ․-ին՝ Նեպալը, 2016 թ․-ին՝ Հնդկաստանը, 2017 թ․-ին՝ Բրազիլիան և այլն։

«Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս երկրների օրենսդրությունը թույլ է տալիս, մերը՝ ոչ, բայց ՀՀ օրենսդրություն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել։ Նայենք ՀՀ Սահմանադրության 8․2 հոդվածը, որտեղ գրված է, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Գիտենք, որ անվտանգությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հնարավորություն է, իսկ ներքին սպառնալիքի մեջ, ի թիվս այլ հարցերի, ներառվում է նաև զանգվածայի անկարգությունը, էկոլոգիական աղետներ և այլն»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

tert.am

Back to top button
Close