Նորություններ

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումից․ ԱԳ նախարար

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ  բացման խոսքով։

ԱԳ նախարարի խնդրանքով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին վերջերս կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի և Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանի  հիշատակներին։

Հեղափոխությունից հետո սա առաջին համաժողովն է, այդ պատճառով, ըստ նախարարի, այն նպատակ ունի հստակեցնել  տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթությունները։

«Հրամայական է նաև վերլուծել մեր պետության առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար մարտահրավերներն ու սպառնալիքները, քննարկել արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի վրա, ինչպես նաև կանխատեսել անցանկալի զարգացումները և հնարավորության դեպքում մշակել դրանց չեզոքացմանն ուղղված  քայլեր»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարը կարևորեց հեղափոխության դերը՝ շեշտելով, որ թավշյա հեղափոխությունը հաղթել է աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ վերջին շրջանում ձևավորված հոռետեսությանը։

«Հայաստանը և նրա  ժողովուրդը ցույց տվեցին, որ մարդկային արժանապատվության հիման վրա  ստեղծված համամարդկային արժեքները վեր են ամեն մի աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Հայ ժողովուրդը ընտրեց իրական ժողովրդավարության համակարգը, ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ նրանցից որոշակի սպասելիքներից դրդված, այլ որովհետև այդ համամարդկային արժեքները ճշմարիտ են, և մենք ճշմարիտ ժողովուրդ ենք, որը ոչ միայն կարող է սպառել, այլև ստեղծել արժեքներ»,- իր խոսքում ասաց ԱԳ նախարարն ու հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցած  թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումից, որի վկայումն այն է, որ Հայաստանը չկատարաեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելուն՝ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։

Հայաստանի արտաքին քաղաքականության 3 հիմնարար սկզբունքայնությունները՝ ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունն են, որոնք կապահովեն մեր դիվանագիտության հարատև  և շարունակական ընթացքը։

«Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ  և այս նպատակով համագործակցելու է բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկերների հետ։ Մենք շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով»,- վստահեցրեց ԱԳ նախարարը։

 

Back to top button