Նորություններ

Ուսանողները՝ հանուն հեղափոխական կրթության

Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ ամենաբուռն քննարկումները վերջին
շաբաթների ընթացքում ծավալվում են Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի ու դրա բարձրագույն ղեկավարության շուրջ։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում
ՀՊՏՀ-ում, և ինչի՞ շուրջ է բարձրացված աղմուկը։

2018թ. դեկտեմբերի 28-ին ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է
նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որը մինչ այդ
հանդիսանում էր նույն համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր
պաշտոնակատար: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ռ. Հայրապետյանը
ձեռնամուխ է եղել բուհում բարեփոխումների ծրագրի իրականացմանը:

Բարեփոխումների փաթեթը ներառում էր մի շարք նախագծեր, այդ թվում` ՀՊՏՀ դասախոսներին և ուսանողներին հոնորարի տրամադրում ազդեցության գործոն ունեցող գիտական հանդեսներում
հրապարակումների համար, մագիստրոսական երեկոյան կրթական ծրագրերի մշակում և
ներդրում, դասաժամի հաշվով ժամավճարի եռապատկում, համալսարանում ուսանողներին
աշխատանքի ընդունելու պրակտիկայի ներդրում, հայաստանյան ու միջազգային
կառույցների, համալսարանների, կազմակերպությունների, առաջատար մասնագետների հետ
համագործակցության հաստատում և մի շարք այլ նախագծեր:

Ծրագրի մաս է կազմում նաև գիտամանկավարժական կազմի ընտրության և
պաշտոնների տեղակալման մրցույթը, որի համաձայն` դասախոսական կազմն ընտրվում է
մրցութային կարգով։

2019 թ․ հուլիսին տեղի ունեցած բաց մրցույթի արդյունքում անցողիկ միավորների շեմը
չհաղթահարած մի շարք դասախոսներ դժգոհություն են հայտնում դասախոսական կազմի
ընտրության չափանիշների, մրցույթի օրինականության, անցկացման կարգի, հանձնաժողովի
կազմի մասին` փորձելով խոչընդոտել համալսարանի բնականոն գործունեության ընթացքը:
Նշենք, որ մրցույթի բոլոր չափանիշները ներկայացված են «Հայաստանի պետական
տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության
«Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»
փաստաթղթում: Ինչ վերաբերում է մրցութային հանձնաժողովին, ապա այն գործել է
օբյեկտիվության ու բազմակարծության սկզբունքով։ Վերջինիս կազմի և գործառույթների
մասին դրույթները ևս ներկայացված են կանոնակարգում։ Մրցույթի անցկացման օրինական
հիմք են հանդիսացել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ
օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և վերանշյալ կանոնակարգը։
Համաձայն կանոնակարգի՝ սահմանված 13 չափանիշներից 5-ն ապահովելու պարագայում
դասախոսը հաղթահարում է մրցույթի անցողիկ շեմը։ Դժգոհող դասախոսները, փաստորեն,
չեն հաղթահարել նշված 5 միավորի շեմը։ Արդյո՞ք մրցութային 5 չափանիշի
չհամապատասխանելու, կամ որ նույնն է, հնարավոր առավելագույն միավորների 40%-ը
չապահովելու դեպքում մասնագետն իրավունք ունի ծավալելու գիտամանկավարժական
գործունեություն։

Միաժամանակ սկսվել էր դիվերսիա Ռ. Հայրապետյանի դոկտորական
ատենախոսության նկատմամբ, որում տեղ գտած տեխնիկական որոշ թերություններ
որակվում էին որպես «գրագողություն»: Հարկ է նշել, որ հետին թվով հայտնաբերված
թերությունները վերաբերում են աշխատության միայն տեսական, այլ ոչ` վերլուծական
մասին: Թերությունը վերաբերում է նրան, որ հեղինակն ատենախոսության տեսական
շարադրանքի մի հատվածում չի կատարել հղում սկզբնաղբյուրին։ Այնուամենայնիվ, 2015թ.
ատենախոսությունը թույլատրվել է պաշտպանության, որից հետո Ռ. Հայրապետյանը ստացել
է դոկտորի գիտական աստիճան: Այստեղ հարկ է առաջադրել ևս մեկ հարցադրում․ արդյո՞ք
այդ թերությունները նկատելու, ժամանակին մատնանշելու պատասխանատվությունը նշյալ
ատենախոսության պաշտպանությունը հաստատած մասնագիտական խորհրդի նախագահին
և անդամներին, ընդդիմախոսներին, գիտական ղեկավարին և ԲՈԿ-ին չպիտի վերագրվի։

Արդյո՞ք անկատար գիտակրթական համակարգում կարելի էր ներկայացնել կատարյալ
ատենախոսություն, և արդյո՞ք սա ատենախոսի պատասխանատվության շրջանակում է, այլ
ոչ՝ պատկան մարմնի։ Արդյո՞ք պետք է լինել խտրական ու նման փորձագիտական քննության
ենթարկել միայն մեկ ատենախոսություն, թե՞ անհրաժեշտ է քննել այն բոլոր անձանց
ատենախոսությունները, որոնց զբաղեցրած պաշտոնները պահանջում են գիտական
աստիճանի առկայություն։ Ընտրողական արդարություն կիրառելը հավասարազոր է
անարդարության և գետնին է հավասարեցնում ակադեմիական ազնվությունը՝ որպես արժեք:
Ս․ թ․ օգոստոսի 21-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան
էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ Ռ. Հայրապետյանը հրաժարական կներկայացնի՝
իր խոսքում հղում կատարելով ատենախոսության մեջ տեղ գտած թերություններին։
Հայտարարությունից հետո ուսանողների և շրջանավարտների նախաձեռնությամբ
մեկնարկեց ստորագրահավաք` ի աջակցություն ՀՊՏՀ բարեփոխումների և ռեկտորի արդեն
նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի` պահանջելով չեղյալ
համարել հրաժարականի որոշումը: Ստորագրահավաքը, որին արդեն իսկ միացել է շուրջ 1800
մարդ, հասցեագրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կրթության, գիտության, մշակույթի և
սպրտի նախարարությանն ու նախարար Արայիկ Հարությունյանին։

Միաժամանակ հրաժարականներով են հանդիս գալիս մի շարք դասախոսներ, որոնք
վստահել էին էին ՀՊՏՀ բարեփոխումների գործընթացին, դիմել բաց մրցույթին և
հաղթահարելով ՝ սեպտեմբերից պիտի դասավանդեին բուհում։
Համալսարանի շահառուները, պահանջելով չեղարկել Ռուբեն Հայրապետյանի
հրաժարականն ու վերջինիս վերանշանակել բուհի ռեկտոր, այդպիսով որակյալ կրթության
իրենց իրավունքի պաշտպանության քայլ են կատարում՝ փորձելով թույլ չտալ
բարեփոխումների գործընթացի ընդհատումը և պահանջելով այդ բարեփոխումների
իրականացումը վստահել դրանց նախաձեռնողին

Ավելին
Back to top button