Նորություններ

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 31 տարեկան:

Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988 թ.-ին, Արմավիրի մարզի Ապագա գյուղում։ Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր, նաև երկու անչափահաս որդի: Իր պապերն Արևմտյան Հայաստանի Սասուն քաղաքից էին:

1995-2005 թթ. սովորել է Ապագայի միջնակարգ դպրոցում։ 2006-2010 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո նույն տարում լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։

Հովսեփը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Որպես ՈԴՀՌ՝ կամավորագրվել էր ռեեստրին 2006-2010 թթ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

2013 թ.-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 2015 թ.-ի հունիսի 1-ին նշանակվել է ինժեներա-սակրավորական վաշտի հրամանատար ՊԲ N զորամասում, ստացել կապիտանի կոչում։

Մերօրյա հերոսը զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին Մատաղիսում ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Back to top button
Close