Նորություններ

Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից, գրառումն արել եմ որպես ազատամարտիկ՝ ընկերներիս ասելու, որ գեներալը զինվորի սնունդ չի յուրացրել. Արսեն Մկրտչյան. aysor.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկ երեկոյան արած գրառումը որոշ տարընկալումներ է առաջացրել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը հստակեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանությունից ինքը չի հրաժարվում, իսկ գրառումը կատարել է որպես ազատամարտիկ, Երկրապահ կամավորական միության անդամ:

Հիշեցնենք՝ Մկրտչյանը երեկ լուսանկար էր հրապարակել ու գրել էր. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով:

Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:

Մկրտչյանն ասաց, որ այս ամբողջ ժամանակաընթացքում ինքը Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է առաջին հերթին որպես ազատամարտիկ: Նա մասնավորապես պարզաբանեց. «Կա մի նրբություն՝ ես գործին ներգրավվել եմ իմ սեփական նախաձեռնությամբ, որպես ազատամարտիկ, ԵԿՄ անդամ: Առաջին հարցը, որ ինձ հուզել, հետաքրքրել է՝ գործի մեջ մտնել ոչ այդքան և ոչ միայն որպես Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, այլ որչպես ազատամարտիկների շահերի պաշտպան, որոնք հետաքրքրված էին, թե իրականում այդ մեղադրանքը՝ զինվորի, ազատամարտիկի սնունդ յուրացնելու մասին, որևիցե աղերս ունի՞ իրականության հետ, թե չէ: Հանրային այն ճնշումը, որը ձևակերպվեց հայտնի անձանց շնորհիվ, պետք էր կամ հաստատել կամ հերքել: Հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է, և ես որպես ազատամարտիկ, որը ամենաերկար ժամանակն է անցկացրել Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցներում, որը ամենագործուն մասնակցությունն է ունեցել նախաքննությանը, որը բացի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունից, զբաղված է եղել նաև սեփական հետաքննությամբ, այսօր իրավունք ունեմ հայտարարել, որ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Նախաքննության ավարտին արդեն ես հայտարարում եմ, որ չկա որևէ հիմք, փաստ կամ թույլատրելի, վերաբերելի ենթադրություն առ այն, որ Մանվել Գրիգորյանը նման արարք կատարել է: Ինչպես ողջամիտ ուղեղները պնդում էին ամենասկզբում, հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Սա ամենակարևորն է, որը հետաքրքրում էր սահման պաշտպանած տղաներին»:

aysor.am

Back to top button