ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Չեմ բացառում, որ ինչ-որ դրվագով հիմնավորվի Մարտի մեկի գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը». Արմեն Խաչատրյան

«Ոստիկանությունը երբևէ ցանկացած հարցով ցանկացած իշխանության պարագայում չպետք է իր լիազորությունների օրենքով սահմանված գծերից անցնի, և անգամ եթե իրավաչափ  է ուժի գործադրումը, չպետք է համաչափության սահմանն անցնի»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում կարծիք հայտնեց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով Մարտի մեկի գործով քաղբանտարկյալների արդարացման գործընթացին և հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ հեղափոխությունը հասել է նաև դատաիրավական համակարգ,  Խաչատրյանն ընդգծեց.

«Հայաստանում երևացող խնդիրներից շատ ավելի կարևոր  ու ավելի խորը խնդիր է դատաիրավական համակարգը: Այդ համակարգը շատ դժվար է ճեղքեր տալիս, ես կարծում էի, որ դատախազությունը վերջին ճաքը կտա, բայց ես շատ ուրախ եմ, որ առաջին ձնծաղիկները երևացին դատախազությունում»:

Անդրադառնալով 2008-ի մարտյան իրադարձություններին, BBC-ի հրապարակմանը և Սամվել Կարապետյանի ցուցմունքին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց.

«Այդ մի ցուցմունքն է, որ BBC-ն ներկայացրել է իր հրապարակման մեջ, բայց կարող էր այդպիսի 100 ցուցմունք ներկայացնել, որովհետև այդ արտահոսքը եղել է չորս ամիս առաջ»:

Խաչատրյանը չի բացառում, որ  արտահոսքը հենց Քոչարյանի փաստաբանների կողմից էլ կարող էր լինել:

Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ Քոչարյանի թիմը զբաղված է գործը ձգձգելով.

«Եթե նրանք կարողանային այս արտահոսքի վրա առանձին պրոցես սկսել, որը մի ամիս էլ հետ կգցեր գործի քննությունը, իրենք իրենց խնդիրը կատարված կհամարեին: Հենց Քոչարյանի գործի քննությունը սկսվեց, և դատարանում հրապարակվեց այդ ապացույցները, իրենք ասելու բան չեն ունենա, որովհետև Սամվել Կարապետյանի տված ցուցմունքի նման հազարավոր ցուցմունքներ կան»,- նշեց նա:

Անդրադառնալով Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե մոտ ապագայում ձերբակալվելու է նաև Սերժ Սարգսյանը, Խաչատրյանն ասաց, որ չի բացառում, որովհետև Սերժ Սարգսյանը շահառու է եղել:

«Ես չեմ բացառում, որ ինչ-որ դրվագով հիմնավորվի Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը: Սերժ Սարգսյանը շատ-շատ առիթներ է տվել, որպեսզի մեղադրանք առաջադրվի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով»,- նշեց Խաչատրյանը:

 

Ավելին
Back to top button