ՆորություններՔո ձայնը

Անհամբեր սպասում եմ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների ինքնալյուստրացիային. Լեւոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Անհամբեր սպասում եմ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների ինքնալյուստրացիային: Խոսքս Ամուլսարի մասով դիրքորոշումների հստակ ու աներկբա հայտարարության մասին է առնվազն, մյուս կենացներին հետո կանդրադառնամ: Անհատական, անձնավոր եւ ազնիվ հայտարարության մասին:

Չեք պատկերացնում, թե ինչքան անհամբեր եմ սպասում, ասենք՝ սիրածի հետ առաջին ժամանադրությանը սպասող ջահելի պես: Իսկ ես, պիտի որ հիշեք, աշխարհի ամենահամբերատար մարդն եմ, ինձնից ավելի համբերատարները հանգուցյալ են:

Մինչեւ երեկոյան ժամը 20-ը 88 հայտարարություն եմ սպասում, Միրզոյանով, Աղազարյանով, Ջուլֆալակյանով եւ բոլորով: Ես արդեն այնքան տառապել եմ, որ դարդ անեմ, թե կարող է գրառումս կարդացած չլինեն, կամ լինեն, ժամանակ ունենան արտահայտվելու կամ չունենան: Այդ հայտարարությունների համար ոչ մի գրառում կարդալ պետք չէ, ոչ մի հուշման եւ հիշեցման կարիք չպիտի ունենան:

Չարտահայտվողներին տեղեկացնեմ, որ Աֆրիկայում երեք տարի ջայլամների վարքաբանություն եմ ուսումնասիրել, հետո ապրել եմ Բրեժնեւի, Անդրոպովի, Չեռնենկոյի, Գարբաչովի օրոք, հետո Լեւոնի օրոք, հետո Ռոբիկի, հետո Սերժիկի, ու արդեն չկա բնության մեջ քաղաքական գործիչ, կամ այդպիսին համարվող որեւէ գործիչ, կամ քաղգործչի մոդուս, որ ինձ զարմանալի թվա, քաղաքական վարքում գյուտեր անի եւ այլն»:

Ավելին
Back to top button