Նորություններ

Ողբերգական ավտովթար Կոտայքում. Niva-ն 20 մ բարձրությունից ընկել և հրդեհվել է. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի Jeep մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին:

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժի պետ Ա. Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:

Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի ( ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button