Նորություններ

«Տեսնում ենք գործելակերպ, որտեղ առաջնահերթությունը տրվում է ոչ թե համապետական շահերին, այլ նեղանձնային, խմբային շահերին». իրավաբան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, թե 2020 թվականին սահմանադրական բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվելու, որի կազմը դեռ չի հրապարակվում, նշեց.

«Ես կարծում եմ՝ առարկայացված հիմքեր՝ նոր սահմանադրական փոփոխությունների գնալու, չկան, բայց նաև այդ հիմնավորումները պետք է տրամադրվեն նախաձեռնողների կողմից՝ որոշակի կոնկրետ ձևով մատնանշելով, թե ինչ խնդիրներ կան սահմանադրական մակարդակում, որոնք չեն նպաստում իրավական զարգացմանը, արդյունավետ կառավարման տեսանկյունից խնդիրներ են առաջացնում»:

Սահակյանի խոսքերով՝ խնդիրներն ախտորոշված չեն, կա մտադրություն, որը գտնվում է քաղաքական տիրույթում, և քանի դեռ որոշակիացված խնդիրներ չեն մատնանշվում, այս գործընթացը բավարար լեգիտիմություն չի ունենա:

ԳԱԼԱ-ի հարցին, թե հեղափոխությունից հետո այս կառավարությանը մեղադրում էին կառավարման հին համակարգը պահպանելու մեջ և ասում էին, որ պահպանել է Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը, արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ նախաձեռնվող փոփոխությունները վերաբերելու են նաև կառավարման համակարգի վերանայմանը, Սահակյանը նշեց.

«Եթե կոստյումը պառլամենտական կառավարման ձևն է, կարող եմ վստահորեն ասել, որ բավականին առողջ քաղաքական մշակույթ ունեցող երկրներում այդ կոստյումը հաջողություններ է ապահովել, և նույն կերպ կարող եմ պնդել, որ կիսանախագահական կամ նախագահական «կոստյում ունեցող» բազմաթիվ երկրներ գնացել են ձախողման: Ես պառլամենտական կառավարման ձևը բավականին կենսունակ մոդել եմ համարում լավ կառավարում իրականացնելու տեսանկյունից, այլ հարց է, որ պետք է զուգակցվի առողջ քաղաքական մշակույթի հետ»:

Բանախոսը կարծում է՝ բավականին հեռու ենք առողջ քաղաքական մշակույթ ունենալուց, որովհետև տեսնում ենք գործելակերպ, որտեղ ոչ թե առաջնահերթությունը տրվում է ընդհանուր համապետական շահերին, այլ նեղանձնային, խմբային շահերին, հետաքրքրություններին:

Հերմինե Ղարիբյան

Back to top button