Նորություններ

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարելավել է իր դիրքերը Տավուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թվային տվյալներ հայտնելուց ՊՆ խոսնակը ձեռնպահ է մնացել։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:

 Հիշեցնենք, որ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր Facebook-յան էջում գրառում էր արել` նշելով, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, և որ միայն ՀՀ ԶՈՒ արդյունավետ գործողության արդյունքում է հաջողվել կասեցնել թշնամու սադրանքը։

Եղիազարյանի դիտարկմամբ, ադրբեջանական սադրիչ գործողության նպատակն է եղել վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա` հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ վերցնելով ավտոմայրուղին:

Փորձագետի դիտարկմամբ, եթե թշնամուն հաջողվեր իրականացնել իր ագրեսիվ մտահղացումը, ապա վտանգվելու էր նաև Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատար խողովակի անվտանգությունը։ Իսկ սա արդեն կենսական խիստ նշանակությության օբյեկտ է ՀՀ-ի համար։

armeniasputnik.am

Ավելին
Back to top button