ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Առաջին բուժօգնությունը՝ օձի խայթոցի դեպքում

Ամռանը ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ակտիվանում են օձերը: Հաշվի առնելով, որ այս սեզոնին մարդիկ հաճախ են գնում բնության գիրկ, օձերին հանդիպելու հավանականությունը մեծանում է:

Օձերի խայթոցից խուսափելու նպատակով զբոսնելիս պետք է խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթեւ շապիկ եւ տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ եւ ամուր կոշիկներ, օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել: Այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ եւ հարվածել հողին:

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝

  • սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը եւ զարդերը, ինչպես նաեւ նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ եւ տարածվել,
  • եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն,
  • տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ եւ այլն),
  • ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն եւ հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա խայթելուց հետո գոնե 6 ժամվա ընթացքում։

Օձի խայթոցի դեպքում արգելվում է.

  • խայթած վերջույթին՝ վերքից վերեւ, լարան կամ ժգուտ դնել,
  • խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել,
  • տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետեւյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ եւ այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից, տեսողության եւ խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։

Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաեւ խայթոցի տեղակայումից։

Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային  իժը, դարեւսկու իժը, փոքրասիական իժը եւ անդրկովկասյան գյուրզան։

Doctors.am

Ավելին
Back to top button