ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ռեյտինգի հետեւից ընկած իշխանությունը չի կարող ցավոտ ռեֆորմներ անել». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը, ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով հարցադրմանը, թե արդյոք գործող իշխանություններն անցած 1,5 տարվա ընթացքում փորձել են ստացած լեգիտիմությունն ամրապնդել համակարգային փոփոխություններով, նշել է.

«Լեգիտիմությունը տվել է մանդատը, կանաչ լույսը, որով իշխանությունը կարող էր անել համակարգային փոփոխություններ: Բայց իշխանությունն ընկել է իր ռեյտինգի հետեւից: Իշխանությունն անդադար կենտրոնացած է դրա վրա: Ռեյտինգի հետեւից ընկած իշխանությունը չի կարող ցավոտ ռեֆորմներ անել, որովհետեւ նա անդադար վախենում է, որ իր ռեյտինգը դրա համար կարող է ընկնել: Մինչդեռ այդ լեգիտիմությունը պետք է վերածվեր ռեֆորմների, ռեյտինգը հնարավոր է դրա արդյունքում ընկնի, որից հետո գործով, աշխատանքով ետ գա, եւ ընտրությունների ժամանակ մարդիկ գնահատեն»:

Անդադար վախենալ ռեյտինգը կորցնելուց, հետո հայտարարել, որ չկա վախ՝ իշխանությունը կորցնելու, Մարուքյանի կարծիքով հակասում են միմյանց:

Էդմոն Մարուքյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ իշխանության բարձր օղակներում կոռուպցիա չկա: Սակայն արձանագրում է՝ հայտարարությունները, թե թալանչիները պետք է պատասխանատվության առաջ կանգնեն, թալանվածը պետք է վերադարձվի պետությանը, կյանքի չի կոչվել:

«Ինձ համար կոռուպցիայի գնահատման ցուցիչը Խաչատրյան Գագիկն է՝ նախկին ՊԵԿ ղեկավարը: Իր կերպարն է ինձ համար կոռուպցիայի ինդեքսը: Քանի դեռ նա նստած չէ, քանի դեռ նա միլիարդավոր թալանը չի վերադարձնում, ընդ որում բաց, թափանցիկ եւ հրապարակային, խոսել կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունների մասին, ես կարծում եմ, անիմաստ է: Որովհետեւ էդ մարդը մի տեղ նստած նարդի է խաղում եւ ծիծաղում է ձեզ վրա: Այսինքն, կամ դուք ասեք, որ ինչ-որ պայմանավորվածություններ ունեք եւ այդ մարդուն չեք ձերբակալում, եւ ինչո՞ւ է եղել նման պայմանավորվածություն, էդ ո՞վ է այդ ինդուլգենցիան տվել, ինչի՞ համար է տվել եւ այլն… կամ մի խոսեք կոռուպցիայի դեմ պայքարի մասին»,- ընդգծում է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով՝ դուրս է գալիս, որ ով շատ է թալանել, նա չի նստելու, ով որ 100 դոլար է վերցրել, նա պետք է նստի՞:

«Թալան, թալան, թալան… կոռուպցիա… մի մարդ՝ Մանվել Գրիգորյանը չէ՞ նստած կոռուպցիոն գործերով, ուրիշ ի՞նչ կա: Քսան քանի տարի միայն Մանվել Գրիգորյա՞նն է թալանել էս երկիրը, հա, ու մեկ էլ Աշոտյանի վարորդը: Էս հանգամանքները որ կան, մարդկանց մոտ առաջացնում են հիասթափություն, մարդիկ սկսում են չհավատալ, եւ սա շատ վատ է: Այ իշխանությունը թող դրա մասին մտածի իր ռեյտինգի մասին մտածելիս»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:

Ավելին
Back to top button