ՆորություններՍպորտ

Ստեփանակերտում մեկնարկել է Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնությունը

Այսօր` օգոստոսի 16-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար` նվիրված մեծանուն հայ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացման հանդիսավոր արարողությանը մասնակից թիմերը ներկայացել են շքերթով:
Մեզ հետ զրույցում Արցախի օլիմպիական պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Աբրահամյանն ասել է, որ նմանատիպ մրցաշար առաջին անգամ կազմակերպվել է  2017 թվականին, Գանձասարում:
«Այդ ժամանակ մեզ մոտ ծագեց գաղափար մրցաշարը դարձնել  ամենամյա` առաջնությունում ընդգրկելով ավելի շատ մարզիկների: Կարծում եմ` սա կարևոր քայլ է մարզաձևը Արցախում զարգացնելու և մեր երկիրը ավելի ճանաչելի դարձնելու համար:
Այս ամենը, իհարկե, իրականություն չէր դառնա առանց մեր աջակիցների, ի դեմս մրցաշարի գլխավոր հովանավոր «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի, բռնցքամարտի միջազգային լեգենդներ Սամսոն Խաչատրյանի, Իսրայել Հակոբկոխյանի, Դավիթ Թորոսյանի, Սուրեն Ղազարյանի և Ատոմ Պողոսյանի»,- նշել է Ն. Աբրահամյանը:
Իսկ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասել է, որ սա մեծ սպորտային իրադարձություն է Արցախում, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մարզիկները հնարավորություն կունենան ոչ միայն միմյանց հետ մրցելու, այլև փոխանակվելու սեփական փորձով:
«Մարզաձևը լայն տարածում ունի Արցախում, և արդեն իսկ տեսանելի են արդյունքները: Կարծում եմ` մրցաշարի երեք օրերի ընթացքում մենք ականատեսը կլինենք մարզիկների ուժեղ պայքարի և բռնցքամարտի իրական տոնի»,- ավելացրել է Հ. Հովսեփյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են բռնցքամարտի մրցումները, որոնք կշարունակվեն նաև վաղը: Իսկ օգոստոսի 18-ին` ժամը 15:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պաշտոնատար այլ անձինք և այլք:
Back to top button
Close