Նորություններ

«Կարճ ժամանակում սա պետք է դառնա ծաղկուն և խնամված վայր». Աննա Հակոբյանը Դիլիջանի կոմպոզիտորների տանն էր

Այսօր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Միության նախագահը հյուրերին պատմել է տան անցյալի մասին, ուղեկցել նրանց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահ, իսկ 21 համարի քոթեջում, որտեղ ժամանակին բնակվել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, կատարել մեծանուն կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններից։ Նա ներկայացրել է Կոմպոզիտորների տան զարգացման իր տեսլականը, այդ թվում՝ հաջորդ տարի՝ 2020 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ այնտեղ միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը։

Անդրադառնալով ստեղծագործական տան ներկայիս ընդհանուր առմամբ ոչ բարվոք պայմաններին և զարգացման հեռանկարներին ու ծրագրերին՝ Աննա Հակոբյանն ասել է. «Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր, որ մարդը մտնի և հաղորդակից լինի ողջ փառահեղ պատմությանը: Այս տունը պետք է դառնա հյուրընկալ վայր փառատոների, երաժշտական արվեստի միջազգային իրադարձությունների համար»:

Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իմ քայլը» հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել և իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագիր: Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջազգային փառատոն:

Back to top button
Close