ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սոչի, Ստրասբուրգ, Սան Պաուլու… Airbus A320 շարքի օդանավերի ամենախոշոր ավիաաղետները

«Ուրալյան ավիաուղիներ»-ի А321 օդանավն օգոստոսի 15-ին թռիչքից մի քանի րոպե հետո կոշտ վայրէջք էր կատարել Ժուկովսկի օդանավակայանի մոտակայքում՝ եգիպտացորենի դաշտում: Ինքնաթիռում 233 մարդ է գտնվել, ովքեր բարեբախտաբար ողջ են մնացել:

Ցավոք, Airbus A320 շարքի օդանավերի մասնակցությամբ աղետները վերջին տարիներին բավականին հաճախ են տեղի ունենում: Այդ տեսակի օդանավի 15 վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել:

1990թ., փետրվարի 14 — Բանգալոր, Հնդկաստան 

Indian Airlines ավիաընկերության՝ Մումբայից Բանգալոր թռչող օդանավը շատ կտրուկ է վայրէջք կատարել: Օդաչուների անզգուշության պատճառով շասսիի հենակները բախվել են գոլֆ-ակումբի պարսպին, արդյունքում ինքնաթիռն ընկել է թռիչքուղու մոտակայքում: Օդանավում գտնվել է 146 մարդ, որոնցից 92-ը զոհվել են:

1992թ., հունվարի 20 — Ստրասբուրգ, Ֆրանսիա

Air Inter-ի Լիոն-Ստրասբուրգ չվերթն իրականացնող օդանավն արդեն մոտեցել է Ստրասբուրգի օդանավակայանին, սակայն ավտոպիլոտ համակարգի սխալ սահմանված պարամետրերի պատճառով այն բախվել է Սենտ-Օդիլ լեռանը: Օդանավում գտնվել է 96 մարդ, զոհվել են 87-ը:

2000թ., օգոստոսի 23 — Բահրեյն 

Gulf Air ավիաընկերության օդանավը Կահիրեից թռիչք է իրականացրել դեպի Բահրեյն: Վայրէջք կատարելով Մուհարաք կղզու օդանավակայանում՝ օդաչուն որոշել է, որ դա կարող է անհաջող ստացվել, եւ օդանավը 2-րդ շրջան է կատարել: Օդաչուն, սակայն, չի կարողացել ձեռքը վերցնել կառավարումը, եւ օդանավը հայտնվել է Պարսկական ծովածոցի ջրերում:  Այդ օրը զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները՝ 143 մարդ:

2006թ., մայիսի 3 – Սոչի, Ռուսաստան 

Այս դեպքը Բահրեյնում տեղի ունեցած վթարի սցենարով էր: Հայկական Armavia ավիաընկերության օդանավը, որն իրականացնում էր Երեւան-Սոչի չվերթը, եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք չի կատարել, եւ անցել է երկրորդ շրջանի: Շրջադարձի ժամանակ օդաչուներն անջատել են ավտոպիլոտը, օդանավը բարձրություն հավաքելու ժամանակ կորցրել է արագությունը եւ ընկել Սեւ ծովը: Այդ օրը զոհվեցին օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 113 մարդ:

2007թ., հուլիսի 17 – Սան-Պաուլու, Բրազիլիա 

Բրազիլական TAM Airlines ավիաընկերության օդանավը թռիչք էր իրականացնում Սան-Պաուլուից դեպի Պորտու-Ալեգրի: Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն դիպել է թռիչքուղուն, սակայն օդաչուն չի կարողացել այն կանգնեցնել չափից դուրս սայթաքուն ճանապարհի պատճառով: Բացի այդ, փորձագետները պարզել են, որ վայրէջքի ժամանակ շարժիչներից մեկի քարշուժը եղել է թռիչքային ռեժիմի վրա: Մեծ արագությամբ ընթացող օդանավը բախվել է ավիացիոն վառելիքով լի անգարին: Զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 187 հոգի, ինչպես նաեւ 12 մարդ, ովքեր գտնվել են այդ տարածքում:

2010թ., հուլիսի 28 – Իսլամաբադ, Պակիստան 

Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող օդանավը կործանվել է մայրաքաղաքի հյուսիսում՝ ուժեղ մառախուղի եւ մուսոնային անձրեւների հետեւանքով: Վթարի պատճառները եղել են անբարենպաստ եղանակային պայմանները եւ անձնակազմի անհամաձայնեցված գործողությունները: Զոհվել են օդանավում գտնված բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները՝ 152 մարդ:

2014թ., դեկտեմբերի 28 – Յավանյան ծով

Indonesia AirAsia ավիաընկերության օդանավը թռիչք է իրականացրել դեպի Սինգապուր, եւ ռադարներից անհետացել է Յավանյան ծովի շրջանում: Պաշտոնական տվյալներով՝ ինքնաթիռն ամպրոպի ժամանակ ընկել է ծովը, քանի որ բորտային համակարգիչը խափանվել է, իսկ անձնակազմը սխալ գործողություններ է կատարել տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ: Այդ օրը զոհվել են բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները՝ 162 մարդ:

  2015թ., մարտի 24 – ֆրանսիական Ալպեր

Ամենախոշոր եւ խորհրդավոր աղետներից մեկը տեղի է ունեցել Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի մասնակցությամբ, որն իրականացնում էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը: Թռիչքը նորմալ ընթացք է ունեցել, սակայն 2-րդ օդաչուն անակնկալ կերպով փակվել է խցիկում եւ օդանավն ուղղորդել դեպի Պրովանսյան Ալպերի լեռնալանջեր: Զոհվել են բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները՝ 150 մարդ:

  2015թ., հոկտեմբերի 31 – Էլ-Արիշ, Եգիպտոս 

Ռուսաստանյան ավիաընկերության օդանավը, որն իրականացնում էր Շարմ-էլ-Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթը, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարներից: Աղետի պատճառն ահաբեկչական  պայթյունն է եղել: Զոհվել են բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները՝ 224 մարդ:

  2016թ., մայիսի 19 —  Միջերկրական ծով

EgyptAir  ավիաընկերության Airbus A320 օդանավը, որը Փարիզից ուղեւորվում էր դեպի Կահիրե, կործանվել է Միջերկրական ծովում՝ եգիպտական Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ հեռավորության վրա: Զոհվել են օդանավում գտնվող 56 ուղեւորները եւ անձնակազմի 10 անդամները:

 

 

Back to top button
Close