Նորություններ

Ինչ վնասվածք է Ադրբեջանում հայտնված զինվորի ձեռքի վրա. նոր մանրամասներ

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հայրն ու եղբայրը մեկնել են Արցախ, իսկ մայրը ցավալի լուրն իմանալուց հետո հիվանդանոց է տեղափոխվել։

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը` Արայիկ Ղազարյանը, հուլիսին ձեռքի վիրահատական միջամտության էր ենթարկվել` կոշտուկն էին հեռացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմը Ղազարյանի` վնասվածքներով լուսանկարներն էր հրապարակել, ու նշել, թե տղային հայկական բանակում խոշտանգել են` ձեռքի վրա ծխախոտ հանգցրել և այլն։

«Տղայի ձախ ձեռքի վրա կոշտուկ կար, որն էլ դեռ մեկ ամիս առաջ տեղային անզգայացմամբ հեռացրել էին։ Այդ մասին ինձ պատմեց տղայի մայրը։ Ի դեպ, դա զինվորական հոսպիտալի հիվանդների հաշվառման մատյանի մեջ էլ է ֆիքսված»,–ասաց նա։

Նրա խոսքով` տղայի մայրն այժմ Եղեգնաձորի բժշկական կենտրոնում է, քանի որ տղայի` Ադրբեջանում հայտնվելու լուրն իմանալուց հետո ինքնազգացողությունը վատացել է ու հիվանդանոց տեղափոխվել։ Տղայի մայրը սրտի խնդիրներ ունի։

Распространенная МО Азербайджана фотография Аро Казаряна

Ստեփանյանը հայտնեց նաև, որ դեպքից հետո զինծառայողի հորն ու եղբորը (նա էլ պայմանագրային զինծառայող է) կանչել են Արցախ. նրանք դեռ Արցախում են։ Համայնքի ղեկավարը նշեց, որ տղան գրեթե ամեն օր ծնողների հետ կապի մեջ է եղել, եղբոր հետ խոսել, ու գուցե այդ իսկ պատճառով էլ նրանց կանչել են Արցախ` դեպքի հետ կապված մանրամասները հասկանալու։

Եղեգնաձորի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տղայի մայրը` տիկին Կարինեն, արդեն իրեն ավելի լավ է զգում:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ` դասալքության, և 359-րդ հոդվածի 1-ին մասի` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հատկանիշներով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12–ին ՊԲ զորամասերից մեկից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Արայիկ Ղազարյանի` ադրբեջանական կողմի հրապարակած նկարները խոսում են այն մասին, որ նրան պարզապես հարվածել, ուշագնաց են արել ու քարշ տալով տարել։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ Արայիկ Ղազարյանը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

armeniasputnik.am

Back to top button
Close