Նորություններ

ՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են վաղ կենսաթոշակի սխեմա. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից «ՍԴ մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերլուծությանը՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունում ՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են ոչ թե կոռուպցիայի դրսևորում, այլ «վաղ կենսաթոշակի սխեմա»։

Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Արդարադատության մեր նախարարությունում ՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են ոչ թե կոռուպցիայի դրսևորում, այլ «վաղ կենսաթոշակի սխեմա»։

Իհարկե, գնահատելի է, որ մեր հարգելի գործընկերները տիրապետում են մեղմասացության (էվֆեմիզմի) նուրբ արվեստին, բայց վատ է, որ այդ հարցում հետևողական չեն։

Օրինակ՝ ինչու՞ հափշտակությունն այսուհետ չանվանել «սեփականության վերաբաշխման սխեմա», կամ դասալքությունը՝ «զինծառայության հարաբերությունները վաղ դադարեցնելու սխեմա», սպանությունը՝ «մարդու կենսագործունեությունը վաղ դադարեցնելու սխեմա», խուլիգանությունը՝ «հանրային անդորրը վերբալ գունազարդելու սխեմա», իսկ պետական դավաճանությունը՝ «միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտի հավատարմություն դրսևորելու սխեմա»»։

Նշենք, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջարկվող փոփոխության վերաբերյալ քննադատություններին, ասել է, որ ինքը չի լսել, թե դա կաշառք որակեն. «Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է տարբեր երկրներում։ Դա ընդունված միջոց է անցումային երկրների համար։ Սպասում ենք կառուցողական առաջարկների»։

 

Ավելին
Back to top button