Նորություններ

«Հնարավոր տարբերակ է, որ մեր զինվորին խոշտանգելով, ծեծելով ստիպեն հարցազրույց տալ». գերության դժոխքը հաղթահարած Հակոբ Ինջիղուլյանը՝ Արայիկ Ղազարյանի մասին

Ադրբեջանում գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանը 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել: Այս մասին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեն:

Հավանական տարբերակ է համարվում այն, որ Արայիկ Ղազարյանը մոլորվել է:

Տարիներ առաջ գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանը, ով 2013 թվականի օգոստոսի 8-ին տեղանքում չկողմնորոշվելով՝ հատել էր արցախա-ադրբեջանական սահմանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում  եւս կարծիք հայտնեց, որ մեծ է հավանականությունը, որ զինվորը մոլորվել է, եւ լուսանկարներում պատկերված  վնասվածքները ադրբեջանցիներն են հասցրել.

«Հնարավոր տարբերակ է, որ ստիպեն մեր զինվորին նաեւ հարցազրույց տալ: Խոշտանգելով, ծեծելով ստիպեն անել դա, որպեսզի նա վատ բաներ խոսի Հայաստանի մասին, հայկական բանակի մասին: Եթե զինվորը մոլորվել է, կամ գողացել տարել են նրան, ադրբեջանական կողմը պարտավոր է մեր զինվորին հետ ուղարկել Հայաստան, որովհետեւ դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Իրեն  պետք է անպայման Կարմիր խաչն այցելի եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Հակոբ Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը գերության մեջ մնաց մեկ տարի (2013 թ. օգոստոսի 8-ից մինչեւ 2014 թվականի օգոստոսի 26-ը), հետո տեղափոխվեց երրորդ երկիր, ապա վերադարձավ Հայաստան եւ շարունակեց ծառայությունը:

«Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ ինձ ստիպել են Հայաստանի մասին վատ բաներ խոսել, հարցազրույց տալ: Իրենք կարող են դիմել այդ մեթոդներին, բայց ինչ ուզում է լինի, Ադրբեջանի ղեկավարությունը Արայիկ Ղազարյանին պետք է վերադարձնի: Շատ մարդիկ են այդ ճանապարհով անցել, առաջին եւ վերջին դեպքը չէ, միշտ էլ տեղի են ունեցել նման բաներ»:

Հակոբ Ինջիղուլյանը հորդորում է զինծառայողի հարազատներին՝ չհուսահատվել: «Պետք է, որ լավ լինի»,- ասում է Հակոբը, ով տեղի ունեցածից տարիներ անց չի ցանկանում հիշել Ադրբեջանում անցկացրած օրերի մասին:

«Ես հիմա ավելի շատ ապագայի մասին եմ մտածում, ինձ համար ամենակարեւորը իմ ընտանիքն է»,- նշում է Հակոբը, ով ամուսնացել է, ունի երկու բալիկ:

Հակոբը նաեւ հորդորում է բոլոր նրանց, ովքեր շտապում են որակումներ տալ Արայիկ Ղազարյանի հետ տեղի ունեցածին, չշտապել եւ լինել շատ զգույշ:

«Ես աչք եմ փակում, որովհետեւ շատ-շատ է եղել, որ իմ մասին էլ են նման բաներ գրել ու խոսել:  Երբ որ ամեն ինչ պարզ կլինի, թող խոսեն այդ ժամանակ: Եթե ինչ-որ բան հարյուր տոկոսանոց չէ, պետք չէ գնահատականներ տալ: Մենք դեռ չգիտենք՝ ինչպես է մեր զինվորը հայտնվել այնտեղ եւ ինչ ճնշումների եւ խոշտանգումների է ենթարկվում»:

 

 

Արմենուհի Վարդանյան

 

Back to top button