Նորություններ

Աննա Հակոբյանն Արյունաբանական կենտրոնում ներկա է եղել Ջոզեֆ Ֆարժիերի փոքրիկ մենահամերգին

ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ներկա է եղել «Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերի փոքրիկ մենահամերգին, որը կազմակերպվել էր երգչի և «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում։

Ներկաներին ողջունել է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, որը, շնորհակալություն հայտնելով Ջոզեֆ Ֆարժիերին, ասել է․ «Անչափ կարևորում ենք նմանատիպ ուշադրությունը կենտրոնում բուժում ստացող թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների նկատմամբ։ Կարծում ենք, որ նման միջոցառումները օգնում են պացիենտներին ավելի հեշտությամբ հաղթահարել բուժման գործընթացի դժվարությունները»։

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նույնպես խորին երախտագիտություն է հայտնել երգչին և շատ բարձր գնահատել այսօրինակ միջոցառումների կարևորությունը։ Ջոզեֆ Ֆարժիերը ելույթ է ունեցել կենտրոնում բուժում ստացող պացիենտների և բուժանձնակազմի համար, ինչպես նաև Աննա Հակոբյանի հետ շրջել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնով, շփվել բուժում ստացող երեխաների ու նրանց ծնողների հետ, մի քանի ստեղծագործություն կատարել նաև նրանց համար։

«Այն հնչյունները, որոնք հնչում են կիթառից, դաշնամուրից կամ այլ երաժշտական գործիքից, կարող են հասնել երեխայի ականջին՝ հնարավորություն ստեղծելով ապրել առողջ և երջանիկ»,- ասել է Ջոզեֆը` շեշտելով, որ երաժշտությունը կարողանում է բուժել, և շատ կարևոր է այն դարձնել բուժման ու երջանիկ լինելու միջոց։

Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայում քաղցկեղը հաղթահարելու ճանապարհին աջակցում է մինչև 25 տարեկան ավելի քան 200 երեխայի և երիտասարդի:

Ավելին
Back to top button