Նորություններ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29–ամյա վարորդը մեքենայով բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button