Նորություններ

Լարսը ավելի է մոտենում Հայաստանին․ այլընտրանքային ճանապա՞րհ

Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանին մոտ նոր տարանցիկ միջանցքի կառուցումը կմեկնարկի մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի ռազմավարական ճանապարհի՝ Վերին Լարսի ուղղությամբ ձգվող նոր ավտոմայրուղին Հյուսիս-Հարավ նախագծի մաս է կազմում։ Այն Թբիլիսից մինչև Լարսի անցակետ զգալիորեն կրճատելու է երթևեկության տևողությունը՝ փաստացիորեն Հայաստանի համար դառնալով նաև այլընտրանք Վերին Լարսին, քանի որ, ինչպես մասնագետներ են պնդում, երթևեկելի է լինելու տարվա բոլոր եղանակներին։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկարը Վրաստանում:

«Մի քանի օրից կստորագրվի պայմանգիրը, մինչև տարեվերջ կմեկնարկի երկրորդ նախագիծը, որն ունի պատմական նշանակություն՝ Կոբի-Գուդաուրի մայրուղին: Սա կլինի Եվրոպայում ամենաբարդ ճարտարապետական կառույցներից մեկը ամենաերկար թունելներից մեկով: Անխոս, դա կյանքի կոչելու համար կարևոր են ներդրումները, իսկ ներդրումներն արդեն կան», — նշել է Բախտաձեն:

Նախագծի նախնական արժեքը գնահատվում է 558,6 մլն դոլար, այն համաֆինանասավորելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Վրաստանի կառավարությունը։

Վրաստանի ու Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարս տանող ճանապարհին գրեթե տարվա բոլոր եղանակներին խնդիրներ են առաջանում։

Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով։

aliq.ge

Ավելին
Back to top button
Close