ՄիջազգայինՆորություններ

«Դա խենթություն է, ոչ ադեկվատ վարքագիծ». 1-ամյա երեխային վնասվածքներ հասցրած վանահայրը հեռացվել է հոգեւոր ծառայությունից

Սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է ռուս հոգեւորականը մկրտության արարողության ժամանակ բռնի ուժ կիրառում մանկահասակ երեխայի նկատմամբ, մեծ արձագանք է ստացել:

Լենինգրադի շրջանի Գատչինա քաղաքի տաճարում տեղի ունեցած դեպքը շոկի է ենթարկել նաեւ մոսկովյան պատրիարքարանի ներկայացուցիչներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Դա խենթություն է, ոչ ադեկվատ վարքագիծ, նման անմտությունը ոչ ոք չի քողարկի»,-հայտարարել է պատրիարքարանի ներկայացուցիչ Գենադի Վոյտիշկոն:

Հիշեցնենք, որ ՌԴ Լենինգրադի շրջանում ծնողները դիմել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ մկրտության ժամանակ հոգեւորականը կոպտորեն է վերաբերվել իրենց 1-ամյա երեխային, ով վնասվածքներ է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել Գատչինայի Մարիենբուրգյան տաճարում: Այդ տեսանյութը լայն հասարակական արձագանք է ստացել: Մկրտության արարողությունն իրականացնող վանահայր Վասիլի Նեչեպորենկոն հեռացվել է հոգեւոր ծառայությունից:

Մոսկովյան պատրիարքարանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել երեխայի ծնողներից եւ հույս հայտնել, որ այս միջադեպը ճակատագրական չի լինի նրանց հոգեւոր կյանքի համար:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button
Close