ՄիջազգայինՆորություններ

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել մուսուլմանների եւ ոստիկանության միջեւ

Երուսաղեմում այսօր բախումներ են արձանագրվել ոստիկանական ուժերի եւ մուսուլմանների միջեւ, ովքեր հավաքվել են Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ աղոթելու, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Jerusalem Post պարբերականին:

Ոստիկանները ստիպված են եղել միջամտել, երբ մուսուլմանները կոնֆլիկտի մեջ են մտել հրեաների հետ: Ամբոխին ցրելու համար կիրառվել են լուսաձայնային նռնակներ:

Անկարգությունների հետեւանքով տուժածներ կան եւ մուսուլմանների եւ հրեաների շրջանում:

Իսլամական տոների ժամանակ Տաճարի սարը սովորաբար փակ է այլ կրոններ դավանող այցելուների համար: Սակայն այս տարի Կուրբան-բայրամը համընկել է հրեա ժողովրդի ազգային սգո օրվա հետ: Հրեական կազմակերպությունները դիմել էին իշխանություններին՝ ապահովել իրենց մուտքը Տաճարի սար, սակայն իրավապահներն անվտանգության նկատառումներից ելնելով հրեաների մուտքն արգելել էին այն սրբատեղի, որտեղ հավաքվել էր շուրջ 80.000 մուսուլման:

Միեւնույն ժամանակ պաղեստինցիներին շշուկներ են հասել, որ իսրայելցիները ցանկանում են գրոհով վերցնել Ալ-Աքսա մզկիթը: Հավաքված մուսուլմաններին կոչ են արել չցրվել եւ թույլ չտալ հրեաներին մուտք գործել իրենց տարածք, ինչից հետո էլ սկսվել են բախումները:

Նշենք, որ Երուսաղեմը հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայրի կարգավիճակ ունի։ Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա, իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիները, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը։

 

Աղբյուր՝ Ինտեֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close