Տիգրան Բարսեղյանի հեթ-տրիկի շնորհիվ Կայսարը հաղթել է Ատիրաուին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկ է ձևակերպել Ղազախաստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Ատիրաուի» հետ արտագնա խաղում։ «Կայսարը» 3։1 հաշվով հաղթանակ է տարել։
Հայ ֆուտբոլիստը խաղի 31-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ բացելով հանդիպման հաշիվը։ 6 րոպե անց տանտերերը հավասարեցրել են հաշիվը, բայց առաջին կեսի վերջին րոպեին Բարսեղյանը երկրորդ գոլն է հեղինակել ու դարձյալ առաջ մղել հյուրերին։
Բարսեղյանը ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է արդեն 52-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
25-ամյա ֆուտբոլիստը Ղազախստանի Պրեմիեր-լիգայում իր գոլերի թիվն ընթացիկ առաջնությունում հասցրել է 10-ի։
Այս հաղթանակից հետո «Կայսարը» իր միավորների թիվը հասցրել է 37-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ատիրաուն» 18 միավորով 10-րդ տեղում է։