ՄիջազգայինՆորություններ

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը ինքնասպան է եղել կալանավայրում

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, ով մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման մեջ, գիշերն ինքնասպան է եղել կալանավայրում: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով АВС հեռուստաալիքին:

Էփշտեյնը սպասել է դատարանի որոշմանը: Նրան մեղադրել են անչափահաս աղջիկներին գայթակղելու եւ մարմնավաճառության մեջ ներքաշելու մեջ: Վկաների տեղեկացմամբ՝ 2002-2005 թ.թ.-ին Էփշտեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ աղջիկների հետ, որոնց ընդունել է Նյու Յորքում եւ Ֆլորիդայում գտնվող իր առանձնատներում: Նա աղջիկներին առձեռն վճարել է հարյուրավոր դոլարներ, այնուհետ նոր զոհեր գտնելու համար նրանց օգտագործել որպես հավաքագրող:

Տուժածներից շատերի տարիքը չի գերազանցել 14-ը:

Էփշտեյնը չի ընդունել իր մեղքը: Նրան սպառնում էր 40-45 տարվա ազատազրկում:

2007-2008 թ.թ.-ին Էփշտեյնի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել մանկահասակների բռնաբարության հոդվածով, եւ նրան ցմահ բանտարկություն էր սպառնում: Սակայն լավ պաշտպանության շնորհիվ նա բանտում ընդամենը 13 ամիս անցկացրեց:

Միլիարդատերին երկրորդ անգամ ձերբակալեցին այս տարվա հուլիսին: Նոր մեղադրանքները սկանդալի պատճառ դարձան, ինչի հետեւանքով հրաժարական տվեց ԱՄՆ աշխատանքի նախարար Ալեքս Ակոստան: Հենց նա է 2008թ.-ին եղել դատախազ, եւ զբաղվել Ջեֆրի Էփշտեյնի գործով:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button