Նորություններ

Նիկոլ Փաշինյանը Մարալիկում ներկա է բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում է: Նա մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը: Այս ձեռնարկությունը սկսում է բամբակյա և կիսաբամբակյա թելերի արտադրությունը։ Թելերի միակ արտադրությունը Հայաստանում իրականացվում է նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Ընկերությունն այժմ ունի 41 աշխատակից, ովքեր վերապատրաստվել են հրավիրյալ մասնագետների օգնությամբ։

Առկա են թափուր աշխատատեղեր, քանի որ թելի մանվածքային գործարաններում ընդունված է 24/7 աշխատանքային ռեժիմ կիրառել։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ունենալ մինչև 120 աշխատակից։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակե իրերի արտադրություն, ինչի արդյունքում կավելանան և աշխատատեղերը: Այժմ հաստոցները ճանապարհին են:

Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ, գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, ինչպես նաև գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։

Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը. արդյունքում Հայաստանի հագուստի ծավալը կավելանա տարեկան շուրջ 9 մլն դոլարով կամ 19 տոկոսով։ Ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 264.400դրամ։ Հիմնական շուկաներն են Հայաստանը եւ Ռուսաստանը:

Back to top button
Close