Փյունիկը Երևանում պարտվեց Վուլվերհեմփթոնին

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում անգլիական «Վուլվերհեմփթոնը» ժամանել էր Երևան:
«Գայլերը» որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կարողացան հաղթանակի հասնել Երևանի «Փյունիկի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 0-4 հաշվով:
Խաղակեսերից յուրաքանչյուրում «Վուլվզը» երկու անգամ գրավեց Դրագոևիչի դարպասը:
29-րդ րոպեին հաշիվը բացեց Դոհերտին, իսկ 42-րդ րոպեին Խիմենեսը կրկնապատկեց այն:
Առաջին 45 րոպեի ընթացքում երևանյան թիմը վատ ֆուտբոլ չխաղաց: Տարխանովի ֆուտբոլիստները փորձում էին ակտիվ լինել ու սպառնալ մրցակցի դարպասին:
Երկրորդ կեսի հենց մեկնարկում հյուրերը խփեցին նաև երրորդ գոլը: Խիմենեսը կարողացավ դուբլ գրանցել իր հաշվին: Խաղի վերջում էլ Ռուբեն Նևեշը կարողացավ հստակ իրացնել 11-մետրանոցը ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Հավելենք, որ խաղին ներկա էր 13050 հանդիսական:
Խաղին ներկա էին նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սամվել Պետրոսյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլա Ղազարյանը և Նորայր Մեսրոպյանը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին: