«Այնպիսի խնդիրներ են ջրի երես դուրս գալիս, որ նույնիսկ փշաքաղվել կարելի է». Հայկ Գեւորգյան

Նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տալու համար կարեւոր չեն երկու էջանոց տեքստերն ու կետերը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Գեւորգյանը:
«Պարտադի՞ր է, որ երկու էջանոց տեքստ լինի եւ գնահատական գրվի հատուկ կետերով՝ 1, 2, 3, կամ դրվի մի հատ էլ վերնագիր: Մեր ամբողջ գործունեությունը քաղաքական գնահատական է նախորդ իշխանությունների գործունեությանը: Այնպիսի խնդիրներ են ջրի երես դուրս գալիս, որ նույնիսկ փշաքաղվել կարելի է»,-նշում է պատգամավորը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ոչ հստակ գործունեությունը կարող է կասկածի հիմքեր տալ, որ իշխանությունները նախորդների հետ ստվերային պայմանավորվածությունների մեջ են, Գեւորգյանն արձագանքեց. «Մենք չենք կարող գնալ ու 20 միլիոնանոց դղյակից հանել մեկին տապոռով, թե սա պետական է, պետք է պետականացնենք: Չի լինի: Ամբողջ աշխարհում կարգ կա, որ անձը պետք է կարողանա հիմնավորել, որ սեփականությունն իրենն է, պետք է ժամանակակից սկզբունքներով գործել եւ ամեն ինչ անել օրինական կարգով»: