«Խնդիրը լուծված է». «Պոբեդա» ընկերությունը կշարունակի աշխատել. Տաթեւիկ Ռեւազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ ոուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պատրաստվում է ձմեռային սեզոնից դադարեցնել դեպի Գյումրի իրականացվող չվերթները, նշեց, որ իրենք կապ են հաստատել «Պոբեդայի» Հայաստանի ներկայացուցչի հետ, ով իրենց փոխանցել է, որ խնդիրը լուծված է:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ ասել է՝ խնդիրը լուծված է, այսինքն «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի՞ չվերթները Գյումրիում, Ռեւազյանն ասաց, որ այո: Մնացած մանրամասները, նրա փոխանցմամբ, իրենք կքննարկեն «Պոբեդա» ընկերության Հայաստանի ներկայացուցչի հետ:
ՏԱՍՍ-ում «Պոբեդա» ընկերության աղբյուրը նաեւ հայտնել էր, որ կան խնդիրներ Գյումրիի օդանավակայանում վառելանյութի թերլիցքավորման հետ կապված: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այս մասին չխոսեց: Նշեց՝ կքննարկեն հանդիպման ժամանակ: Նա նաեւ փոխանցեց, որ «Զվարթնոց» օդանավակայանն ավելի ուշ կտարածի հաղորդագրություն:
Նշենք սակայն, որ «Պոբեդա» ընկերության պաշտոնական կայքէջի՝ Pobeda.aero-ի միջոցով հնարավոր չէ տոմսեր ձեռք բերել սկսած նոյեմբեր ամսից: