ՆորություններՔո ձայնը

Նիկոլ Փաշինյանի ելույթի առավել կարևոր հատվածը հանդիսանում են վեց կոնսենսուսները. Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արթուր Սաքունց

«Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի առավել կարևոր հատվածը հանդիսանում են նշված վեց կոնսենսուսները, որպես գործողությունների, քաղաքականության ուղենիշներ, որոնք դեռևս պետք է իրականացվեն առանց որևէ խտրականության, առանց որևէ պայմանականությունների:

Դրանք բնականաբար նաև պարտավորություններ են, որոնք ենթակա են մշտադիտարկման՝ հայտարարված կոնսենսուսների հետ իշխանության գործողությունների համապատասխանության տեսանկյունից:

Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ Ի դեպ, այս համատեքստում կա միայն մի բացառություն՝ խոսքն օրինական ուժի կիրառման մասին է՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում։

Կոնսենսուս 2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։

Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր։

Կոնսենսուս 3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։

Կոնսենսուս 4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։

Կոնսենսուս 5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։ Այստեղ ուզում եմ մի մեկնաբանություն անել. սիրելի ժողովուրդ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը շատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է և չի կարելի հանդուրժել, երբ որևէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին և հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձևով, օրենքից դուրս լինելու ձևով։

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»:

Ավելին
Back to top button