Նորություններ

«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որևէ շանս չունեն վերադառնալու իշխանության». Ստյոպա Սաֆարյան

«Իմ կարծիքով թերևս հետևանքը պետք է լինի այն, որ պատասխանատվության ենթարկվեն, և քաղաքական գնահատական տրվի անցած տարիներին»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից օրերս նշված գաղտնի զեկույցին:

Դիտարկմանը, թե ինչու հենց հիմա եղավ զեկույցի մասին հայտարարությունը, Սաֆարյանը նշեց.

«Ես առավել հակված եմ կարծելու՝ սա կապ ուներ կոնտրհեղափոխականների հերթական ակտիվացումների հետ, մասնավորապես դրա մեկնարկը տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ազդարարելով, որ աշնանը մի քանի կենտրոններով գրոհելու է իշխանությունների վրա»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ նախ նախկին բոլոր իշխանությունները և առավել ևս Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանան, որ ի տարբերություն մինչ հեղափոխական Հայաստանի՝ նոր իշխանությունների լեգիտիմությունը և նրանց ձևավորման օրինականությունը կասկածի տակ չէ:

«Այս առումով թերևս նախկին իշխանությունները և նրանց ներկայացուցիչները տխրեն թե չտխրեն,  պիտի նկատի ունենան, որ  լեգիտիմ իշխանությունների դեմ հեղափոխական թիփիներով չեն կարող դուրս գալ, որովհետև դա իսկապես կլինի սահմանադրական կարգի տապալում»:

Հարցին, թե ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կլինի՞ ակտիվ քաղաքականություն, հանրային խորհրդի անդամն ընդգծում է.

«Ռոբերտ Քոչարյանը և նաև Սերժ Սարգսյանն ուղղակի որևէ շանս չունեն վերադառնալու իշխանության, այսինքն՝ եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ Հայաստանում հերթական իշխանափոխության ալիքն է, ապա ես հավատացնում եմ՝ դա չի լինելու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը»:

 

Ավելին
Back to top button