Նորություններ

«Շշի Մելոյի» ձերբակալված եղբայրն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը,  ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձորբակալությունը և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր ՔՕ 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝  գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով  քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը: Ըստ քննության տվյալների՝ դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել մեքենան:

Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  «1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի  ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ  ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն  վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ  վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք»: Նշենք, որ հետագայում մեքենան հայտնաբերվել ու վերադարձվել է:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2–ին Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:

Պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթյուցիչ նյութեր պահելու հատկանիշներով. գործով ձերբակալվել է 3 անձ:

news.am

Back to top button
Close