ՆորություններՔո ձայնը

Արցախը այլևս երբեք չի կարող Ղարաբաղ լինել…

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտից սկսվում են Համահայկական խաղերը, և Արցախում են հավաքվելու հայերն աշխարհի տարբեր մասերից: Ափսոս, Հայաստանում չեմ, բայց մտքով, հոգով ու սրտով ձեզ հետ եմ՝ Ստեփանակերտում, և անկեղծ ուզում եմ դիմել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ ասել, որ աշխարհը մի օրով չէ, աշխարհը հավերժ է, ու այդ հավերժության մեջ կան անանց արժեքներ՝ հայրենիք, ազատություն, ընտանիք:

Մնացածը ընթացիկ հարցեր են, որոնք լուծվում են մի քիչ լավ, մի քիչ վատ: Ու 1000 տարի հետո այս օրվա մասին ասելու են, որ դուք ոտքի կանգնեցիք ու հաղթեցիք: Ասելու են, որ հայ ժողովուրդը միասնական ու աներեր իր կռիվը մինչև վերջ տարավ:

Որ 21‐րդ դարը նվաճումների ու ձեռքբերումների դար է եղել Հայաստանի համար։ 1000 տարի հետո ոչ մեկը չի հիշելու՝ ո՞վ էր իշխանություն, ո՞վ՝ ընդդիմություն, ո՞վ՝ նախագահ, ո՞վ՝ վարչապետ, եղե՞լ է, թե՞ չի եղել Հայաստանի ու Արցախի իշխանությունների հակադրություն, որովհետև դա հարյուերորդական է, երբ մենք ինքնության պահելու ու պետականության խնդիր ունենք, երբ մեր բարեկամը բարեկամ չի, բայց թշնամին թշնամի է: 1000 տարի հետո կարևորը լինելու է, որ Արցախը Հայաստան է, ու Հայաստանը կա: Դուք մարդկության գոյության սկզբից երկիր եք պահել, կռվել եք, համառել, զոհվել ու նորից ծնվել, կառուցել եք, արարել և ձեր ինքնությունը ու արժանապատվությունը ամեն ինչից վեր դասել։ Թշնամին միշտ կա՝ հայն իր պատմության ոչ մի դարում առանց թշնամիների չի ապրել ու հաղթել է, երբ հույսը իր վրա է դրել ու հավատացել է, որ ինքը ճիշտ է, ինքը ուժեղ է ու ինքը պարտվելու իրավունք չունի, որովհետև թիկունքում մայրն ու զավակներն են:

Արցախն այսօր կայացած պետություն է: Վաղ թե ուշ աշխարհը հաշվի է նստելու այդ փաստի հետ: Պատերազմո՞վ, թե՞ խաղաղ ընդունելու է Արցախի՝ իր ճակատագիրը որոշելու իր իրավունքը: Դրոշ, զինանշան, օրհներգ, Սահմանադրություն՝ ամեն ինչ կարելի է ունենալ ու կորցնել, եթե ձևական են, եթե չկա ներքին միասնություն ու ներքին կամք, եթե չկա ներքին համերաշխություն ու ընդհանրություն, եթե ընթացիկ խնդիրների ծանրության տակ ապագան դառնում է անորոշ: Արցախում չի կարող ու չպետք է անորոշություն լինի, որովհետև Արցախը սիրտ է ու սահման: Միաժամանակ: Եվ Արցախը այլևս երբեք չի կարող Ղարաբաղ լինել, որովհետև թիկունքում Եռաբլուր ունի: Ես համոզված եմ, որ տարաձայնությունների, դավադրությունների, ստորագրահավաքների, իրար ուտելու այս բոլոր պատմությունները դադարում են իրական լինել ու իմաստ ունենալ, երբ մտածում ես երեխայիդ մասին, ու տեսնում ես՝ սահմանից այն կողմ կանգնած թշնամուդ զինվորին:

«Թույն մի խառնեք մեռոնին» ասում էր եղբայրս, որ բոլորիցս լավ գիտեր պատերազմի ու խաղաղության փորձությունների գինն ու արժեքը: Սիրո ու ատելության տարբերությունը մեկն է՝ սերը ստեղծում է, ատելությունը՝ սպանում: Իսկ մենք մեռնելու իրավունք չունենք, որովհետև ապրում ենք սահմանամերձ Հայրենիքում ու ժամանակն էլ ունենք իբրև Հայրենիք: Եվ իրավունք չունենք ստի ու ատելության հետևից գնալով՝ փակել մեր սրտերը սիրո ու հաղթանակի հավերժության առաջ:
Արամ Սարգսյան

Ավելին
Back to top button