Նորություններ

«Պատկերացնում եք՝ ինչ մթնոլորտ է տիրում ԱԱԾ-ում, որ կարող են այդ աստիճան բեսպրեդել կատարել». Դանիել Իոաննիսյան

Օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, նշեց, որ իհարկե շատ լավ է, որ այս դեպքը բացահայտվեց, որը և ողջունելի է, բայց կարևոր է, որպեսզի բացահայտվեն նաև բազմաթիվ այլ դեպքեր, այդ թվում՝ նախորդ իշխանությունների ժամանակ ԱԱԾ սպաների կատարված հանցագործությունները:

«Ըստ էության, նախ պետք է արձանագրենք, թե ինչ դեպք է տեղի ունեցել: Այս դեպքում հանցագործությունների քրեական հոդվածների մի ամբողջ փունջ կա: Մարդուն անտեղի բերման են ենթարկել, սպառնացել են, որ իրեն բռնության կենթարկեն, սպառնացել են, որ անտեղի կարտաքսեն: Այսինքն, դուք պատկերացնում եք՝ ինչ մթնոլորտ է տիրում ԱԱԾ-ում, որ ԱԱԾ բաժանմունքի պետը և մեկ այլ սպա մտածում են, որ իրենք կարող են այդ աստիճան բեսպրեդել կատարել»:

Իոաննիսյանն օրինակ է բերում մի դեպք, երբ Հրայր Մանուկյանին սպառնացել են՝ իր մասին անձնական տվյալներ հավաքագրելով, որ աշխատեր ԱԱԾ-ի համար:

«Շատ հայտնի դեպք է, կար հրապարակված ձայնագրությունը ևս, ինչո՞ւ տվյալ դեպքում ներգրավված ԱԱԾ-ի սպաները մինչև հիմա պատասխանատվության չեն կանչվել»:

Բանախոսի խոսքերով, ըստ էության, որևիցե կասկածից դուրս է, որ ԱԱԾ-ում կա կոռուպցիա:

«Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ում ամենատարածված կոռուպցիոն մեխանիզմը ինչ-որ բիզնեսի տանիք կանգնելն է, որպեսզի այդ բիզնեսն ազատվի հարկերից, ընդ որում դա եղել է շատ տարածված նախահեղափոխական շրջանում, այժմ բազմաթիվ խոսակցություններ կան, որ այդ ավանդույթն այնպես չէ, որ շատ է փոխվել: Գոնե այդպիսի մեկ դեպք բացահայտվի, նախկինում բազմաթիվ դեպքեր ես գիտեմ»,- հավելեց Իոաննիսյանը:

 

Ավելին
Back to top button