ՆորություններՔո ձայնը

Ստարտափ հեղափոխությունը և պատասխանատվության բեռը

Վերջապես «ժողովրդի վարչապետը» ճիշտ խոսեց․ «Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի շատ լավ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենյակ, բայց ունի գաղափար, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հավատալով դրա հաղթանակին, և, իհարկե, այդ հաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, նրանք ներկայացրին հանրությանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության և հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ, և որպես արդյունք այսօր ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»։

Բնորոշիչ է, որ ոչինչ չի ասվում Ստարտափի գաղափարի մասին՝ որն էր այդ գաղափարը։ Ասվածից պետք է ենթադրել, որ գաղափարը “ժողովրդի իշխանություն” հաստատելն է, որին այն ժամանակ փոքրաթիվ մարդիկ էին հավատացել։ “Գաղափարը” ժողովուրդն ընդունեց և այդ փոքրաթիվ մարդիկ դարձան “ժողովրդի իշխանություն”, այդ իսկ փաստով երջանկացնելով ժողովրդին։

Մի կողմ դնենք այդ ողջ դեմագոգիան, ինչպես նաև “ժողովրդի իշխանություն” հաստատելու համար խոստացված քայլերը՝ Սահմանադրության փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք և այլն, և այլն, որոնք կարող էին ինչ-որ բովանդակության հաղորդել “հեղափոխությանը”։ Կենտրոնանանք միայն Ստարտափի գաղափարի վրա, որին ֆինանսավորում է պետք։

Ասվածից ստացվում է, որ “հեղափոխություն” ստարթափը պետք է վաճառել ներդնողներին, իսկ մենք այդ էկսպերիմենտի փորձադաշտն ենք։

Հարց, ով պետք է ֆինանսավորի՝ “ժողովուրդը”, ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը, Ռոկֆելլերը, Բիլ Գեյթսը, “սփյուռքը”, թե մեկ ուրիշը։ Հաստատ ֆինանսավորողը ժողովուրդը չի, ժողովուրդը սպասում է “ստարտափի” դիվիդենտներին, որն իրեն խոստացվել է։

Հաջորդ հարց, ինչն է կարող գրավել ներդնողներին․ Հայաստանի բիզնես միջավայրը, հսկայական շուկան, մարդկային ռեսուրսները, միջազգային ճանապարհային խաչմերումներում գտնվելը ապա դա անհեթեթ է, Չինաստանը, Վետնամը, Մալազիան ․․․ թողած, ինչու պետք է ներդրում կատարվի Հայաստանում։ Եթե “մասնաբաժինը” “քաղաքական” դիվիդենտն է, ապա որոնք են դրանք, և առհասարակ, ինչ քաղաքական “դիվիդենտներ” է կարող առաջարկել Հայաստանը՝ աշխարքաղաքական զիջումներ, որևէ քաղաքական բլոկի մեջ մտնելը մի այլ բլոկի դեմ խաղալը, նոր լոգիստիկ նախագծերին մասնակցելը ․․․ ։ Դրանից ոչ մեկը չի երևակվում։

Եթե ստարթափի միակ գաղափարը “ժողովրդի”, այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատումն է, ապա դա ստարթափ է իր համար, բայց մյուսների՝ “ժողովրդի”, շահույթը, կամ մասնաբաժինը որն է, անհասկանալի է։

Դատարկաբանությունը անսահման է և ամենահետաքրքիրն այն է, որ կան մարդիկ, որոնք դրա մեջ միտք են տեսնում։

Երևի միակ ռացիոնալ միտքն այն է, որ ստարթափի գաղափարով իր վրայից պատասխանատվության գցելու փորձ է անում․ ինքը միայն “ժողովրդի իշխանություն” հաստատելու գաղափարի տերն է, իսկ մնացած հարցերում՝ ներդրում, մենեջմենթ և այլն, կիսում է “ժողովրդի” հետ՝ դուք եք արել հեղափոխությունը, դուք էլ կրեք դրա պատասխանատվությունը։

Ավելին
Back to top button
Close