Նորություններ

Իսկ կներեք, չի՞ կարող պատահել, որ ոչ ռոբասերժական լինել, ոչ նիկոլական, ուղղակի լինել ՀՀ քաղաքացի

«Մեր նպատակն է ունենալ անաչառ դատարան, որտեղ հնարավոր լինի իրականացնել արդարադատություն: Մենք համախմբվելով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբաններս, նպատակ ունենք պայքարել նոր իշխանությունների կողմից դատարանի նկատմամբ ճնշումների դեմ և ստեղծելու այն համակարգը, որը բոլորիս կպաշտպանի»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը, ով գործունեությունն իրականացնում է Գյումրիում:

Գյումրիում 100+ փաստաբանների խմբին միացել են երկու փաստաբան՝ Թամարա Յայլոյանը և Վանոյան Իշխանը:

«Մեր նոր իշխանությունն արդյոք գնում է ճիշտ ճանապարհով՝ կառուցելու արդար դատական համակարգ: Դատարանի վրա ճնշումներ նոր իշխանության կողմից նկատելի դարձան, երբ Քոչարյանի գործով վերաքննիչի դատավոր Ազարյանը որոշում կայացրեց խափանման միջոց կալանքը փոխելու: Փաշինյանն ինքն է, չէ՞, ի վերջո հայտարարել, որ չկա մի դատավոր, որ իր ասածը չանի:

Հետագայում հիշենք նաև դատարանների արգելափակումը, որն ուղղակի ենթադրում էր արդարադատության իրականացման խոչընդոտում:

Չեմ ասում, թե նախկինում պրոբլեմներ չունեինք, և գիտեմ նաև, որ արագ վերացնել հնարավոր չէ: Դա ամենօրյա աշխատանք ու պայքար էր նաև մեր՝ փաստաբաններիս կողմից: Երբ հեղափոխությունն եղավ, մենք ուրախությամբ լցվեցինք, որ վերջապես հնարավորություն է ստեղծվում բարեփոխումներ իրականացնելու, որովհետև մինչ այդ եղած բոլոր բարեփոխումները կոսմետիկ բնույթի էին կամ ավելի շատ խճճում էին իրավիճակը»:

Ըստ Յայլոյանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է գործադրվում իշխանության կողմից:

«Նույնիսկ եթե իրավաբան չես, ՀՀ քաղաքացի ես, կարծում են, որ Քոչարյանի գործի հետ կապված ճնշում են դատավորին: Դուք ուշադիր նայեք ֆեյսբուքյան մեկնաբանությունները քաղաքացիների կողմից: Կարդում ես, ինչ են գրում, գրում են՝ ճիշտ արեց, լավ արեց, այդ դատավորին տեղն էր, ինչու ազատ թողեց Քոչարյանին: Անգամ սովորական մարդիկ են կարծում, որ Քոչարյանին բաց թողնելու համար երկրի վարչապետը պատժում է դատավորին:

Եվ հիմա մենք, ըստ էության, դատավորին չենք պաշտպանում, այլ պաշտպանում ենք անկախ դատական համակարգ ունենալու մեր իրավունքը:

Եթե անձը կատարել էր հանցագործություն, մի՞թե մինչև Քոչարյանի գործը չէր կարելի ենթարկել պատասխանատվության, ինչո՞ւ հենց այդ ամենից հետո հիշեցին դատավորի ապօրինությունների մասին:

Փաստաբան Յայլոյանի խոսքերով՝ առավել տհաճ են գործընկերների գնահատականները, ովքեր իրենց անվանում են Քոչարյանի պաշտպաններ: Սա, ըստ նրա, մանիպուլյացիա է, որովհետև իրականում իրենք ոչ թե Քոչարյանին են սատարում, այլ գնում են արդար դատական համակարգ կառուցելու ճանապարհով:

«Օրինակ Սեդա Սաֆարյանն ասում է՝ ինչ-որ շահ ունեն համախմբված փաստաբանները: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հիշեն, թե ներկայիս ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին որ սատարում էինք, ինչ շահ ունեինք:

Եվ ի վերջո արդեն ձանձրալի է անընդհատ տրվող գնահատականները, երբ իշխանություններին անհաճո մի քայլ ես կատարում, պիտակը գալիս է՝ դու ռոբասերժական ես: Իսկ կներեք, չի՞ կարող պատահել, որ ոչ ռոբասերժական լինես, ոչ նիկոլական, ուղղակի լինես ՀՀ քաղաքացի, ով ուզում է լավ երկիր կառուցել»,- ասում է Թամարա Յայլոյանը:

Back to top button
Close