Նորություններ

Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն հացնագործությունների վերաբերյալ դատախազության պարզաբանումը

Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած տեղեկատվությունը տարատեսակ սուբյեկտիվ, չհիմնավորված և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչի կապակցությամբ պարզաբանվում է հետևյալը:

Նախ՝ հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թ., դրանց մասով նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողություններին՝ պարզաբանելու համար քրեական գործը ՀՀ ՀՔԾ ուղարկելու հիմնական պատճառները: Այդ է պատճառը, որ նշված հաղորդագրության մեջ անդրադարձ չի կատարվել Շիրակի պետական համալսարանում 2017թ. հետո առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքին և միջանկյալ արդյունքներին՝ դրանց վերաբերյալ առանձին և հնարավորինս մանրամասն տեղեկատվության տրամադրման նպատակով: Հետևաբար հնչեցված մեղադրանքները բացարձակ անհիմն են և անտեղին:

Ինչ վերաբերում է Շիրակի պետական համալսարանին առնչվող հանցագործության այլ, հաղորդարությամբ չներկայացված դրսևորումներին և դեպքերին, ապա տեղեկացնենք, որ բուհի դասախոսների ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նյութերի նաապատրաստման արդյունքում 2017-2018թթ. բուհի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել են 3 քրեական գործ, որոնք ԲՈՒՀ-ին առնչվող մյուս քրեական գործերի  հետ միացվել և քննվում են մեկ՝ ՀՀ ՀՔԾ-ին փոխանցված վարույթում:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ համալսարանի ռեկտոր Ս.Մ.-ի հրահանգով գրադարանից առանց համապատասխան փորձաքննության 15 տոննա գիրք օտարվելու վերաբերյալ: Ըստ ստացված տվյալների՝ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի բանավոր հրամանով՝ 2017 թվականի հուլիս ամսին իրականցվել է գրքերի օտարման և որպես թափոն հանձնման գործընթաց, որի վերաբերյալ որևէ փաստաթղթավորում չի իրականացվել:

Բացի այդ, հակասական փաստական տվյալներ ես ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափության, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի համապատասխան որոշմամբ հաստատված  «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի պահանջներին համապատասխանության վերաբերյալ, ինչը վկայել է առերևույթ պաշտոնեական կեղծիքի կատարման հանցագործության հատկանիշների առկայության մասին:

Վերոնշյալից բացի, պարզվել է, որ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ճաշարանները 2017թ. սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսի 20-նն ընկած ժամանակահատվածում ունեցել  են ընդհանուր 8մլն ՀՀ դրամ ձեռքբերումներ, սակայն հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համաձայն` նույն ժամանակահատվածում իրացվել է 6.7մլն ՀՀ դրամի ապրանքներ: Ձեռք բերված տվյալները պարունակել են  առերևույթ խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ 2017-2018թթ. ժամանակահատվածում յուրացման եղանակով մոտ 1.3մլն դրամ գումարի չափով՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին պատկանող գույքը կամ դրա վաճառքից ստացված շահույթը յուրացման եղանակով հափշտակվելու հատկանիշներ:

Առկա են եղել նաև տվյալներ նշված ժամանակահատվածում ԲՈՒՀ-ի համար չհիմնավորված բարձր գներով դիզելային էլեկտրական գեներատոր ձեռք բերվելու, ինչպես նաև համալսարանի դահլիճի շինարարության ընթացքում առերևույթ ֆինանսական չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ:

Նշված բոլոր դրվագներով հանգամանքների օբյեկտիվ, լիարժեք և բազմակողմանի քննություն իրականացնելու, առերևույթ հանցագործությունների կատարմանն առանց բացառությամբ բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով ձեռնարկվել են մեծածաված քննչական և դատավարական այլ գործողություններ:

Մասնավորապես՝ նշանակվել են մի քանի փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռևս չեն ստացվել: Շիրակի մարզի դատախազության կողմից մի քանի անգամ համապատասխան գրություններ են հասցեագրվել փորձագիտական հաստատություններին՝ եզրակացությունների ստացումը հնարավորինս արագացնելու նպատակով: Վարույթն իրականացնող մարմին է ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը անհրաժեշտ մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ: Բուհից առգրավվել են 2016-2018թթ. ընթացքում վերջինիս կողմից կազմակերպված գնումների վերաբերյալ կազմված բոլոր փաստաթղթերը:

Իսկ 2019թ. ապրիլի 25-ին որոշում է կայացվել ստուգում նշանակելու մասին՝ նշված ժամանակահատվածում Ս.Մ.-ի՝ ՇՊՀ-ում որպես ռեկտոր պաշտոնավարման ժամանակահատվածում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Այսինքն առավել քան ակնհայտ է դառնում, որ ՇՊՀ-ում արձանագրված  վերոնշյալ առերևույթ հանցավոր դրսևորումների, չարաշահումների բացահայման ուղղությամբ իրականացվել է ակտիվ քննություն, և հակառակի վերաբերյալ բոլոր պնդումները մտացածին են և զգայական՝ հիմնված բացառապես առանձին անհատների՝ քրեական գործերով նախնական քննության վերաբերյալ պարզունակ, սիրողական մակարդակի պատկերացումների վրա: Արվող մեկնաբանություններում, ըստ ամենայնի՝ անուշադրության հետևանքով, անտեսվել է հանգամանքը, որ ՀՀ ՀՔԾ է ուղարկվել ՇՊՀ-ին առնչվող՝ ընդհանուր մեկ վարույթում քննվող քրեական գործը, որը, բնականաբար, ներառում է նաև վերոնշյալ բոլոր դրվագները: Վերջինս ինքնին վկայում է ՀՀ դատախազության կողմից սուբյեկտիվիզմի բացակայության մասին: Այս իմաստով միտումնավոր շրջանառության մեջ դրվող բացարձակ կեղծիք է նաև «խոսակցությունների» վկայակոչմամբ տարածված այն տեղեկությունը, թե իբր ՇՊՀ նախկին ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին:

Ցավալի է, որ ՇՊՀ-ում հատկապես 2017-18թթ. ընթացքում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման պահանջներ ներկայացնելու հարցում առանձնահատուկ հետևողականություն ու սկզբունքայնություն դրսևորող դասախոսը, որը նույն բուհում տարիներ շարունակ աշխատանքային գործունեություն է ծավալել նաև դրանից առաջ, տարօրինակ ընտրողականություն ցուցաբերելով՝ լռել է նախորդող այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ:

Որևէ կասկած չպետք է լինի, որ առանց խտրականության իրավական գնահատականի են արժանանալու բուհի բոլոր այն պաշտոնատար անձանց (այդ թվում ռեկտորների, աշխատակիցների) գործողություններին, որոնք որևէ առնչություն են ունեցել կատարված հնարավոր հանցագործություններին: Այս իմաստով պարզունակ ապատեղեկատվության տարածման միջոցով քրեական հետապնդման մարմինների, դատախազության գործունեությունը ստվերելու փորձերն անիմաստ են և որևէ ազդեցություն ունենալ չեն կարող:

Ավելին
Back to top button