Նորություններ

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Եգիպտոսից ևս 109 ՀՀ քաղաքացու Հայաստան տեղափոխելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է վերջերս Եգիպտոս մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձի հետ կապված խնդրին. «Նախորդ շաբաթվա վերջին տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ: Շատ արագ՝ մի քանի գերատեսչությունների  հետ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարության և Եգիպտոսում Հայաստանի Հանրապետություն դեսպանության և դեսպանի շնորհիվ կարողացանք կազմակերպել երկու թռիչք Հուրգադայից Երևան: Առաջին օդանավով հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեցին ՀՀ 132 քաղաքացիներ, երկրորդ օդանավով հուլիսի 29-ին Հայաստան է տեղափոխվել 183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ: Հետագայում նաև պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են ՀՀ 109 քաղաքացիներ, որոնք այսօր՝ Երևանի ժամանակով 14:25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավով, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նաև ավիաընկերությանը, Քաղավիացիայի գերատեսչության ներկայացուցիչներին և «Զվարթնոց» օդանավակայանին, որոնց ջանքերով այս տեղափոխումը նույնպես տեղի կունենա: Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք նաև այս խնդրի պատճառները և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն են ներկայացրել համապատասխանաբար ոլորտում ինստիտուցիոնալ լուծումների շուրջ աշխատանքների, դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների ծառայությունների շուկայում կատարվող ուսումնասիրությունների և դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ:  Փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է շարունակել աշխատանքները՝ կարևորելով  ինստիտիտուցիոնալ գործիքների և կարգավորումների մշակումը: «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունը իր կողքին է ցանկացած պարագայում, որ կետում էլ գտնվեն: Բայց այս խնդիրը նաև խոսում է այն ինստիտուցիոնալ բացերի մասին, որ միգուցե մենք ունենք օրենսդրության մեջ, և նման ռիսկերը կանխարգելելու համար արդեն շատ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել», — նշել է նա:

Քննարկումից հետո կառավարությունը որոշում է ընդունել Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա­յությունների իրականացման համար ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 5,838.6 հազ. ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման ընդունումը  պայմանավորված է այսօր՝ օգոստոսի 1-ին, Հուրգադա-Երևան ևս 1 չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ. չվերթն իրականացնելու է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն, որին էլ հատկացվելու է  5,838.6 հազ. ՀՀ դրամը:

Back to top button
Close