Նորություններ

«Եթե հարկայինը գնալու է բիզնեսին խեղդի, որ բերեն 3000 դրամով մեր սիրելի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնեն, դա տնտեսության հերն անիծելու է». Միքայել Նահապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով՝ հեղափոխությունից առաջ խոստացել էր, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ ողջունելի են այն բոլոր առաջխաղացումները, որոնց մասին վարչապետը գրել է, բայց դրա գինը շատ կարևոր է, որը, ըստ Նահապետյանի, փոքր-միջին բիզնեսի վրա տեռորն է:

«Հարկային մարմինը մարդկանց, ինչպես հին ու ոչ այնքան բարի պրակտիկան էր, նույնկերպ պահանջում է կանխավճար տալ հարկերի գծով, որը բյուջե է գնում: Երկրորդ բանը, որ մեզ հասնում է, որ հարկային մարմինը կեղտոտ մեթոդներով վարչական իրավախախտումներ է արձանագրում, բառացիորեն մի 2-3 օր առաջվա դեպքի մասին է խոսքը: Նաև երբ ասում են, որ աշխատողների աշխատավարձն ավելի բարձր ցույց տան… եթե այս մեթոդներով է 25 տոկոս ավելացումը ձևավորվել, ապա, այո, կարող է լինել»:

Անդրադառնալով այն փաստին, որ վարչապետը նշել էր նաև, որ սրա արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնելու մի շարք խոշոր ծրագրեր, օրինակ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, նաև 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, բանախոսն ընդգծեց.

«Շատ լավ է, բայց պետք է հաշվի առնենք, թե դա ինչ ճանապարհով է լինում, որովհետև եթե հարկայինը գնալու է բիզնեսին խեղդի, որ բերեն ինչ-որ 3000 դրամով մեր սիրելի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնեն, դա տնտեսության հերն անիծելու է, որովհետև մի կողմից նրան, ում հիմա պետք է տրամպլին, որ կարողանա առաջ գնալ, խեղդում են, մյուս կողմից՝ ում համար ավելանալու է այդ 3000 դրամը, առանձնապես բան չի փոխելու: Պետք է համաձայնել, որ սա ռեալ հեղափոխական ինչ-որ փոփոխություններ մարդկանց կյանքում չի բերելու»:

 

Ալինա Սիմոնյան

Back to top button
Close