Նորություններ

«Ադրբեջանի իշխանությունն ազդակ է ուղարկում հանրությանը, որ ռազմական գործողությունների սցենարը դուրս չի եկել օրակարգից». Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում Ադրբեջանի ակտիվացման մասին, նշեց, որ իրականում վերջին շրջանի լարվածությունն ու ընդհանուր Ադրբեջանի նկատվող ակտիվությունը որոշակի նախապատճառներ ունի:

«Ադրբեջանը շատ «սրտնեղում»  է խաղաղության վերաբերյալ խոսակցություններից, ու նաև երկրի ներսում  ընդդիմադիր որոշակի շրջանակներ քննադատում են իշխանություններին ոչ բավականաչափ կոշտ դիրքորոշումներ ցուցաբերելու համար: Այս դեպքերով պայմանավորված՝ Ադրբեջանի իշխանությունն  ինչ-որ պատրվակներ է փորձում գտնել կամ ստեղծել  կամ ուղղակի ազդակ ուղարկում հանրությանը, որ ռազմական գործողությունների սցենարը դուրս չի եկել օրակարգից»:

«Օրինակ Զաքիր Հասանովին քննադատեցին… նույնիսկ հեգնելով, որ այն նախարարը, որը խոստանում էր 2 օրում լինել Երևանում, այժմ ասում է, որ միջազգային իրավիճակը թույլ չի տալիս, այսինքն մարդիկ քննադատում են իրենց ոչ պատերազմական, ոչ թշնամական հռետորաբանության համար»,- հավելեց Հայրապետյանը:

Անդրադառնալով հրադադարի արդյունքում տեղի ունեցող կորուստներին՝ պատգամավորն ընդգծեց, որ, բնականաբար, կորուստների հետ մեկտեղ, որոնք շատ ցավալի են, մենք ունենք որոշակի հարաբերական անդորր, բայց Ադրբեջանն այն հակառակորդը չէ, որ պատրաստ է պահել պայմանավորվածությունները:

 

Ավելին
Back to top button