Նորություններ

«Դատական համակարգում շատերը խիստ խոցելի են նախկին իշխանությունների կողմից». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման որոշմանը, նշեց, որ դատական համակարգում շատերը խիստ խոցելի են նախկին իշխանությունների կողմից, և երբ գործը հասնում է նախկին իշխանության առանցքային դեմքերին պատասխանատվության կանչելու, այդ դատավորները պարզապես սաբոտաժի են ենթարկում արդարադատության հաստատումը այդ անձանց նկատմամբ:

«Սա այլ կերպ, քան անամոթություն, չեմ կարողանում գնահատել, խոսքը գնում է մի դատավորի մասին, մի կատարյալ անբարոյականի մասին, որը դակիչ է եղել դատական համակարգում նստած, և որքան էլ որ ուզում ենք անկախ դատական համակարգ ունենալ, դատավարական կորպուսի մի զգալի հատված շարունակում է կախված մնալ նախկին իշխանություններից»:

Քաղաքագետը չի հավատում փաստաբանների քայլին, ովքեր ակտիվորեն արձագանքեցին՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավորի պաշտպանությունը:

Ըստ Մեհրաբյանի՝ փաստաբանների քայլը որևէ կապ չունի իրենց մասնագիտական բարեխղճության կամ քաջության հետ:

«Փաստաբանների անկեղծությանը չեմ հավատում, նրանց, այսպես ասած, դեմոնստրացիային, իբր զուտ միայն իրավական դաշտում լինելուն նույնպես: Ես համարում եմ, որ նրանք փորձում են քաղաքական հակաքայլ անել ընդդեմ իշխանության, դիմադրություն ցույց տալ, որպեսզի ամեն ինչ թողնեն անփոփոխ վիճակում՝ դրանում ներառելով նաև Ռոբերտ Քոչարյանի գործը, որի հետ կապված մենք նույնպես տեսնում ենք փորձեր տարբեր գործիչների կողմից՝ սկսած մամուլի քարտուղարով, վերջացրած փաստաբաններով, կողմնակիցներով, որոնք փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ հանրության վրա»,- հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով նաև  նախկին դատավոր Պարգև Օհանյանին, որի լիազորությունները, հիշեցնենք,  2007 թվականի հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական և քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով, Մեհրաբյանն ընդգծեց.

«Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում առավել պարկեշտ դատավոր էր, որը երբ  որոշում ընդունեց կառավարող բանդայի քիմքին ոչ հաճելի, նրան պարզապես աշխատանքից հեռացրեցին, և այդ փաստաբաններից որևէ մեկը մատը մատին չխփեց, բացի դրանից, մենք նաև հիշում ենք 2004 թվականը, երբ մարդկանց ծեծում էին, մատների վրա հաշված փաստաբաններ կային, որոնք քաջություն դրսևորեցին պաշտպանելու»:

 

 

Back to top button
Close