Նորություններ

«Սա ճիշտ չէ, այսպես կոչված, նախաքննական մարմինը դատախազության «հայրությամբ», ըստ էության, ճնշում է դատավորներին». Պարգև Օհանյան

«Ես միշտ կողմ եմ, երբ կա աջակցություն, երբ կա իրավունքի պաշտպանություն, երբ կա համերաշխություն, ով ուզում է լինի՝ դատավոր, թե սովորական մարդ… այլ հարց է, որ պետք է մենք ուղղակի ենթադրություններ անենք, թե այդտեղ ինչ ենթատեքստ կա, այսինքն իրո՞ք դա կապված է Գրիգորյանի որոշման հետ Քոչարյանի գործով, թե՞ ոչ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանն՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման որոշմանը:

Պարգև Օհանյանի խոսքերով՝ փաստաբանների ակտիվությունը պայմանավորված է փաստաբանական ինստիտուտի կայունությամբ, համախմբվածությամբ, որը  նախկինում չկար՝ կայացած չէր դեռ, ուղղակի առանձին անհատներ են եղել:

Ըստ Օհանյանի՝ պետք է փոխել ամբողջ մեր արդարադատության համակարգը:

«Մենք իրոք պետք է փորձենք լինել արդար, արդարամիտ, չնայենք, թե ով է՝ Քոչարյանն է, այս մեկն է, այն մեկն է, որովհետև եթե մենք անում ենք այն, ինչ արել է նախորդ իշխանությունը, կամ այնպես, ինչ արել է, թշնամիս ապտակել է, ես էլ եմ ապտակում. դա արդարադատություն իհարկե չէ»:

Պարգև Օհանյանը համոզված է, որ այս գործը ամիսներով քննվելու է, և նշում, որ դատավորների նկատմամբ այսպիսի գործընթացը ճիշտ չէ:

«Այսպիսի տրամադրությունը, մոտեցումը անկախության երաշխիքներ չի ապահովում… նույնիսկ նախկին իշխանությունների ժամանակ այսպիսի գործողություններ, եթե չեմ սխալվում, չէին լինում: Սա ճիշտ չէ, այսպես կոչված, նախաքննական մարմինը դատախազության «հայրությամբ», ըստ էության, ճնշում է դատավորներին»:

 

Ավելին
Back to top button
Close