Նորություններ

Իմիտացիայի փոխարեն իշխանությունը պետք է ստեղծի դատական համակարգ

«Ցանկացած իրավական գործընթաց պետք է արվի այնպես, որպեսզի կասկածների տեղիք չտրվեն՝ կասկածներ չլինեն, թե հետապնդումը կազմակերպված է կամ սարքված»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ մեկնաբանելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը:

Դիտարկմանը, որ շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, իրավապաշտպանն ընդգծեց՝ այդ պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ մեզանում արդարադատություն ոչ միայն կայացված չէ, այլ նաև գոյություն չունի:

Վարդան Հարությունյանի խոսքերով՝ արդարադատության բնագավառում դեմոնստրացիաներն ավելորդ են, որովհետև արդարադատությունը մի բան է, դեմոնստրացիան՝ ցուցադրությունը՝ բոլորովին ուրիշ:

«Մեզանում կա արդարադատության իմիտացիա, որի ծնունդն են այս դեմոնստրացիաները, այս դատավորները, այս քրեական գործերը, որ հարուցվում են, այն կասկածները, որ կան իշխանությունների նկատմամբ, որ սրանք պատվիրված գործեր են. այս ամեն ինչը արդարադատության չգոյության մասին է խոսում»,- հավելեց իրավապաշտպանը:

Ըստ իրավապաշտպանի՝ պետք է օր առաջ հիմքեր ստեղծենք մեր երկրում արդարադատական լուրջ համակարգ ստեղծելու համար, որի պարագայում սրա կամ նրա վրա հարուցված քրեական գործն այսպիսի ցնցումների և դեմոնստրացիաների տեղիք չի տա:

«Պետք է իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն և զբաղվեն արդարադատության համակարգ ստեղծելով, ոչ թե տարատեսակ հայտարարություններով, իմիտացիաներով, ինչ-որ գործեր սկսեն՝ կիսատ թողնելով»:

Back to top button
Close