Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում. Վարդավառի տոնի կապակցությամբ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա. նրանցից մեկը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 20։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հիվանդանոց դիմածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Սոնա Մ-ն է։

Ոստիկանները պարզել են, որ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել նրա դեմքին։ Ոստիկանները պարզել են նաև, որ դա եղել է նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Ղ.-ի կողմից, ով Վարդավառի տոնի կապակցությամբ գրելու նպատակով հեղուկ է լցրել «Ատլանտիկ» սրճարանում որպես պրակտիկանտ աշխատող Սոնա Մ-ի և Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Քրիստինե Ս-ի վրա։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կարճ ժամանակ անց Հյուսիսային պողոտայի 1 հասցեի մոտ հայտնաբերել են Անդրանիկ Ղ-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close