Նորություններ

Շարունակվում է ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ավստրալիա

Հուլիսի 29-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Սիդնեյում հանդիպում է ունեցել Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Ավետարանչական ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետի հետ, որը տեղի է ունեցել  Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդարանում։ Մասիս Մայիլյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել Արցախի հետ Ավստրալիայի հայ համայնքի կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Նույն օրը Արցախի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելել են Սիդնեյի «Համազգային Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարան», որտեղ ծանոթացել են կրթօջախի պայմաններին և գործունեությանը։

Ճեմարանում պատվիրակության պատվին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատվիրակությունն այցելել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության  «Ալեքսանդր» վարժարան:

Նույն օրը Ավստրալիայի «Հայ Դատի» հանձնախմբի գրասենյակում կայացել է հանդիպում հանձնախմբի անդամների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Երեկոյան «Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարանի» սրահում Ավստրալիայի հայկական մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։ Ողջունելով պատվիրակությանը՝ հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու աջակցել Արցախի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։ Միջոցառման ընթացքում Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման կարևորությանը։

Back to top button
Close