Նորություններ

Սահմանին լարվածություն չկա, իսկ բանակի ներսում խնդիրները միանգամից չեն լուծվում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ բանակում վերջին շրջանում տեղի ունեցող դժբախտ դեպքերի ավելացմանը:

«Վերջին մեկ ամսվա մեջ մի քանի դեպք եղավ, պատճառները չեմ կարող նշել, որովհետև ամբողջությամբ ծանոթ չեմ, ողբերգական է, բնականաբար, հետաքննություն է ընթանում, որի ավարտին ամեն ինչ պարզ կլինի»:

Պատգամավորի խոսքերով՝ սա հետևանք է այն բոլոր խնդիրների, որոնց մասին խոսվում էր երկար տարիներ, որ բանակի ներսում խնդիրներ կան հենց ամենաներքևներից սկսած.

«Այս խնդիրը շղթայական է, թվում է՝ միայն բանակում է, բայց այդ ամբողջը շղթայական է, գալիս է դպրոցից, փողոցից մինչև բանակ: Միջանձնային այդ բարդ հարաբերությունները բանակի փակ համակարգում, որոնք հանգեցնում են անձի ինքնասպանության, շատ լուրջ խնդիր են, որ գալիս են անգամ դպրոցից»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե այս պարագայում որն է պետության անելիքը, ինչ պետք է անել նման դեպքերը բացառելու համար, արդյոք Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում են նման դեպքերը, պատգամավորն արձագանքեց.

«Բնականաբար քննարկվում են, բայց այստեղ միայն պետության հարցը չէ, այստեղ մի ամբողջ մշակույթի վերացման հարց կա, այստեղ բարոյահոգեբանական, դաստիարակչական հարցեր են՝ դա սկսած դպրոցի դաստիարակությունից, վերջացրած հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներ ու ֆիլմեր»:

Պատգամավորի համոզմամբ՝ ամեն ինչ փոխկապակցված է, որովհետև այդ ամենը ձևավորում է անձերի փոխհարաբերվելու մշակույթ, որի հետևանքով այսպիսի խնդիրներ են լինում.

«Շատ հեշտ կլիներ ասել, որ հարցը միայն բանակի մեջ է, ներսի համակարգում է, բայց այդպես չէ, պարզապես հետևանքը մենք տեսնում ենք բանակում, որովհետև այնտեղ փակ համակարգ է: Երբ գնում են փակ միջավայրում սկսում են փոխհարաբերվել միմյանց հետ մեծ քանակությամբ տղաներ, ովքեր դրսում որոշակի խնդիրներ են ունեցել, այսպիսի հետևանք է լինում»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք ՊՆ-ն չպետք է առավել խստացնի վերահսկողությունը, պատգամավորն ասաց.

«Այդ ամենն արվում է ու էլ ավելին պիտի արվի, բայց այս խնդիրը միայն խիստ վերահսկողությամբ չի լուծվի, դրա վառ օրինակն էր Մեղրիի զորամասի դեպքը, երբ տեսանք՝ ինչպիսի մշակույթ էր ձևավորվել զորամասում»:

Պատգամավորի խոսքերով՝ երբեմն էլ հենց խիստ վերահսկողությունն է պատճառ դառնում, որ ճնշումը մեծանում է ու նման դեպքեր են լինում: Դա մի ակնթարթում լուծվելիք չէ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հակառակորդի գնդակից զինվորների զոհվելու դեպքերին, պատգամավորն ասաց՝ սահմանին լարվածություն չկա, վկայակոչեց նաև վիճակագրություն, ըստ որի՝ հակառակորդի կրակոցից դեպքերը նվազել են:

Back to top button
Close