Նորություններ

Եթե փաստաբաններն ընթերցեն Դ. Գրիգորյանի որոշումներից մեկը, հարց կտան՝ եղբայր, ինչո՞ւ են այլ մարդիկ քո փոխարեն որոշումներ գրում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը և փաստաբանների արձագանքին, որ շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, նշեց.

«Սա ցույց է տալիս ներկա իշխանությունների բավականին բարիդրացիական վերաբերմունքը: Եթե մի պետության մեջ փաստաբանները չեն վախենում պաշտպանել դատավորին, դա նշանակում է, որ իշխանությունները բավականին ճիշտ ճանապարհի վրա են և դա իշխանությունների հզորությունն է ցույց տալիս»:

Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ սա խոսում է կայացած իշխանության մասին.

«Եթե մենք հիշենք՝ նախկինում փաստաբանները, այդ թվում նաև ես, հետապնդվում էինք իշխանության կողմից, եթե փորձում էինք ընդդիմադիր հայացքներ ունեցող ինչ-որ պաշտոնյայի կամ քաղաքացու պաշտպանել, իսկ այսօր երկրում իրավիճակ է փոխվել»:

Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց նաև՝ այսօր իշխանությունները շատ ճիշտ ճանապարհով են գնում, քանի որ փաստաբանները կարող են ցանկացած մարդու լիարժեք պաշտպանություն կազմակերպել.

«Չնայած եթե փաստաբաններն ընթերցեն Դավիթ Գրիգորյանի որոշումներից մեկը, կհասկանան, որ այդ մարդը չի գրել իր որոշումները, և հարց կտան՝ եղբայր, դու դատավոր լինելով, ինչո՞ւ են այլ մարդիկ քո փոխարեն որոշումներ գրում»:

ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե փաստաբանները նշում են, որ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են իշխանությանն անհաճո որոշում կայացնելու համար, Բաղդասարյանն արձագանքեց.

«Իրենք բոլոր պաշտպանական հնարավորություններն ունեն, իշխանությունն ապահովել է մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և իրենք բոլոր մեթոդներով կարող են պաշտպանել իրենց վստահորդներին: Իշխանությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր մարդու, այդ թվում նաև Դավիթ Գրիգորյանի իրավունքների լիարժեք պաշտպանությունը»:

 

Հերմինե Ղարիբյան

Back to top button
Close