Նորություններ

Վարդավառի տոնը ԱԺ այգում եւ Բաղրամյան պողոտայում

Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվել
էր Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Վարդավառ:
Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց
վրա ջուր ցողելու սովորույթը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նշելով, որ Վարդավառը տոնվում է
Հայաստանի շրջաններում, Արցախում եւ Սփյուռքի հայկական գաղթօջախներում,
տեղեկացրել է, որ այս անգամ տոնին համադրվել է հայկական մշակույթի մեկ այլ
բաղադրիչ՝ գորգը: Պատգամավորի խոսքով՝ միջոցառման նպատակներից է
հանրայնացնել հայկական գորգը, որը մեր կենդանի մշակույթն է: Հայերը
գորգագործությամբ զբաղվել են դարեր առաջ, եւ այն շարունակում է մնալ որպես
կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ: Ըստ պատգամավորի՝
միջոցառումն ունի նաեւ խորհուրդ, այն է՝ օրակարգային դարձնել Հայաստանում
հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ, տարբեր բաժիններ ներառող
թանգարան ունենալու հարցը: «Մենք ունենք հարուստ մշակույթ, ցավոք աշխարհին
բավականաչափ չենք ծանոթացրել մեր մշակույթի հետ եւ անհրաժեշտ չափով չենք
հանրայնացրել այն, որը շատ կարեւոր է»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:
Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա
իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը:

Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ»,
«Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած
ձեռագործ գորգեր: Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց,
մրցանակներ են հանձնվել «Քվեսթ» խաղի հաղթողներին:

Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի
համերգով:

Back to top button
Close