Նորություններ

Խոշոր հրդեհ Երևանում. մինչ իրավապահները փնտրում են Էրեբունիում կառուցվող եկեղեցու գումարները լափողներին, նրա տարածքում կրակն իր սև գործն արեց

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կառուցվող, սակայն ինչ-ինչ պայմաններում շինությունն անավարտ թողած եկեղեցու տարածքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կրակը բռնկվել է շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում և այն մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրարար-ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանի գլխավորությամբ:

Հրշեջները մեծ դժվարությամբ կարողացան մտնել տարածք և որոշ ժամանակ պայքարում էին կրակի տարածման դեմ:

Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Տարիներ առաջ խոստացան, որ էստեղ եկեղեցի է կառուցվելու, սակայն չգիտես ում պատճառով այն մնաց անավարտ: Ու հիմա տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին զբոսայգի էր, լրիվ դարձել է խոզանոց, հակասանիտարական վիճակ է տիրում: Ո՞վ է պատասխան տալու, չգիտենք:
Թողնես, պատասխանատուները ամեն օր գլխներիս «Հայր մեր» կարդան: Իսկ Եկեղեցին, որը բոլորիս համար աստծո տուն է, չգիտենք, երբ կկառուցվի: 2-3-րդ հրդեհն է այս տարածքում: Գոնե էս հրդեհից հետո իրենց մարմնի փափուկ մասերը դուրս բերեն բազկաթոռներից, մոռանան իրենց թափանները լցնելու մասին ու եկեղեցու շինարարությունն ավարտեն, ինչը նվեր կլինի ոչ միայն էրեբունցիներին, այլև՝ բոլոր երևանցիներին»:

Նշենք, որ դեռևս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close