ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Պետք է փորձենք հասկանալ՝ որ դատավորներն են պատրաստ շարունակել աշխատել նոր պայմաններում. ԲԴԽ անդամը՝ դատավորների վեթինգի մասին

«ԲԴԽ-ին  շատ մեծ դեր է վերապահված դատական համակարգում բարեփոխումների հետ կապված, և մենք իրոք պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն՝ անդրադառնալով ԲԴԽ գործունեությանը։

«Ես հասկանում եմ, որ  մեզ դիտելով որպես դատական իշխանության գլխավոր ղեկավար մարմին՝ բոլորը մեզնից են սպասում որոշակի արդյունավետ գործողություններ, և դրանով էլ հենց պայմանավորված է, որ հիմնական դժգոհություններն ուղղվում են խորհրդի դեմ: Դրանով է նաև պայմանավորված, որ շատ հաճախ խոսակցություններում բավականին մեղադրական խոսքեր են հնչում խորհրդի անդամների ուղղությամբ»:

Բեքմեզյանն ընդգծեց, որ իրենք չեն սպասում վեթինգի վերաբերյալ վերջնական որոշմանը, իրենք արդեն սկսել են քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն դատական  համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Դատավորների կոռումպացվածության վերացման ճանապարհին շատ կարևոր այլ քայլեր էլ կան, դրանք են՝ դատավորների կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետները, ծանրաբեռնվածության թեթևացումը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ԲԴԽ նոր կազմի նկատմամբ հանրային լուրջ վստահություն չկա, Բեքմեզյանն ընդգծեց.

«Ես կզարմանայի, որ այս կազմի  նկատմամբ անմիջապես լիներ վստահություն, որովհետև նման վստահությունը շատ արհեստական կլիներ, մենք ինքներս պետք է վաստակենք հանրության վստահությունը մեր նկատմամբ»:

Վստահեցրեց  նաև, որ իրենք ամեն ինչ անում են ու անելու են ապացուցելու համար,  որ այդ բոլոր մտայնություններն իրականում անտեղի են.

«Պետք է փորձենք հասկանալ՝ որ դատավորներն են պատրաստ շարունակել աշխատել այն նոր պայմաններում, որոնք առաջ են քաշվում հասարակության կողմից, այսինքն՝ լինել օբյեկտիվ, լինել անկաշառ, լինել պրոֆեսիոնալ, զերծ մնալ ցանկացած ազդեցությունից՝ լինի դա քաղաքական, անձնային, ընտանեկան, ընկերական և այլն, բայց որպեսզի մենք դա կարողանանք անել, մեզ պետք է վստահեն»:

Ինչպե՞ս պետք է հասնել այդ վստահությանը, հարցին Բեքմեզյանն արձագանքեց. «Կարող է կազմվել հանձնաժողով հանրության տարբեր խավերի, շրջանակների մասնակցությամբ, այսինքն՝ ստեղծվի անկախ մարմին, որը հենց միայն մեզ կիրականացնի վեթինգ, հետո արդեն կդադարի գործելուց, որից հետո արդեն մենք կսկսենք մեր գործընթացը»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե այս դատական համակարգը տիրոջ ստրուկ դատական համակարգ է, Բեքմեզյանը հղում կատարեց նախկինում արված ԲԴԽ-ի հայտարարությանը, որը վերաբերում էր դատական իշխանության նկատմամբ հնչեցվող վիրավորական արտահայտություններին.

«Մենք պնդում ենք մեր կողմից արտահայտված դիրքորոշումը, որ ուղղակի կոչ էր արվում բոլորին՝ ձեռնպահ մնալ դատական իշխանության նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելուց, որովհետև մեր բոլորիս նպատակն է ապահովել դատական իշխանության արդյունավետ գործունեությունը, և մեր հայտարարությամբ էլ նշել ենք, որ գտնում ենք, որ նման արտահայտությունները չեն բերում դրական արդյունքի»:

Անդրադառնալով յոթ քաղաքական ուժերի հայտարարությանը, որում անդրադարձ էր կատարվել նաև ԲԴԽ-ի վրա հնարավոր ճնշումներին, Բեքմեզյանն ասաց, որ ինքը՝ որպես ԲԴԽ անդամ, որևէ ճնշում չի տեսնում գործող իշխանության կողմից ԲԴԽ-ի նկատմամբ.

«Նույնիսկ զանգ չի եղել ճշտելու, թե մենք ինչ դիրքորոշում ունենք որևէ հարցի հետ կապված»,- ընդգծեց նա:

 

Back to top button
Close